ԵՄ լինի, թե ԵՏՄ, միևնույնն է, անդամակցող երկիրը պետք է որոշակի կանոնների ենթարկվի, որը սահմանվում է կնքվող պայմանագրող: Ուրիշ հարց է, թե դա իր մեջ պարունակում է ինքնիշխանության կորուստ, թե՞ որոշակի սահմանափակումներ: Մարդկանց մոտ որոշակի հակասական պատկերացումներ են ի հայտ եկել ժամանակին, որովհետև լայն լսարանի առջև չեն ներկայացվել, թե այդ ասոցացումներից որ մեկն իրենից կոնկրետ ինչ է ներկայացնում: Երկու ճանապարհներից ամեն մեկի հակառակորդները մեզ ասում էին, որ այն ինքնիշխանության կորուստ է, սխալ տնտեսական ընտրություն և այլն: Ինչու՞ մարդկանց չեն ներկայացնում իրենց համար ընկալելի տարբերակի լավ կողմերը և ընդհանրապես բոլոր կետերը մանրամասն: Օրինակ, երբ դպրոցական էի, դեռ բոլորը խոսում էին Հայաստանի եվրոպական ընտանիք մտնելու մասին, սեմինարներ էին կազմակերպվում, որոնցից մեկին ես ներկա եմ եղել և զայրացած դուրս եմ եկել. կարծում էի, որ վիրավորական է, երբ մի եվրոպացի վերևից նայելով՝ սկսում էր մեզ սովորեցնել, թե մենք ինչ պետք է անենք կամ ոնց ապրենք, ոնց մեր երկիրը տանենք: Հիմա հավասարապես տհաճ է, երբ ինչ-որ ճ կլասսի ռուս լրագրող կամ քաղաքական գործիչ նույն ոգով սկսում է մեզ սովորեցնել: Ասելիքս այն է, որ արդեն վիճակը գցված է, և մենք ԵՏՄ ենք մտնում, ու երբ ասում են, որ ինքնիշխանության կորուստ չկա, ապա հիմնավորեք պայմանագրի կետերը՝ մարդկանց ի ցույց դնելով մանրամասն և ներկայացրեք տնտեսական շահավետ կետերը: Իսկ եթե ասում եք, որ ինքնիշխանության կորուստ է իրենից ենթադրում, ապա նույնպես հանրության սեփականությունը դարձրեք այ կետերը, որոնք ըստ ձեզ ենթադրում են ինքնիշխանության կորուստ: Հավատացեք, որ մարդիկ հոգնել են զգացմունքային, դատարկ հայտարարություններից և գզվռտոցներից հանուն մի բանի, որ իրենք էլ հստակ չեն պատկերացնում, թե ինչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել