Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի ծառայությունը, ի դեմս ծառայության պետի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի, մշտապես զբաղված են ոչ թե հավաստի մամուլի հաղորդագրություններ տարածելով, այլ բողոքելով, քննադատելով և ստահոդ լուրեր տարածելով:

Նրանք մեկ բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրներից՝ «անգործության» համար, մեկ քննադատում են ԱՄՆ-ին և Եվրոպային՝ իրենց երկրի ներքին գործերի մեջ «միջամտելու» համար՝ հաշվի առնելով երկրում տիրող համատարած լրագրողների նկատմամբ ճնշումները և մարդու իրավունքների խախտումները:

Նրանց մոտ մեկ էլ մի բան է լավ ստացվում. օր ու գիշեր համացանցում հետևել, թե ով է օգտագործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն տերմինը, որ հիստերիայի հերթական ալիքը բարձրացնեն: Ի դեպ, այս շարքն անվերջ կարելի է թվարկել:

Եվ ահա երկու օր առաջ ամերիկյան հանրահայտ Yahoo ընկերությունը հոդված է հրապարակել՝ առաջարկելով հաջորդ արձակուրդի ժամանակ այցելել երկրներ, որոնք քարտեզի մեջ չկան: Այդ երկրների ցուցակում է նաև ԼՂՀ-ն` իր գեղեցիկ պատմամշակութային կոթողներով՝ Դադիվանք, Գանձասար, որտեղ ամենապայծառ գույներով նկարագրվում է Արցախ աշխարհը:

Սովորության համաձայն՝ Ադրբեջանն ԱՄՆ-ում իր դեսպանությանը հանձնարարել է ուսումնասիրել փաստը, բողոքի նոտա հղել Yahoo, որը, բնականաբար, ոչ մի արդյունք չի կարող ունենալ, բացի ներքին սպառման համար նախատեսված սրտհովանքից:

Իբրև հետգրություն ասեմ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության բախտը բավականին բերել է, քանի որ նրանք ստիպված չեն պատասխանել տեղի «վայ» մամուլի տարածած ամեն տեսակ հերյուրանքներին, քանի որ ընդդիմադիր մամուլ պարզապես չկա: Հակառակ դեպքում մեր հարևանների համապատասխան ծառայությունն անվերադարձ կկորցներ պետի ժամանակավոր պաշտոնակատարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել