Այս բոլորի մեղավորը մենք ենք...

Իշխանությունները փորձում են արդարանալ ու հայտարարել, որ դրամի արժեզրկումը կապված չէ ԵՏՄ-ի հետ: Ընդունեցինք...
Խնդիրը ոչ թե ԵՏՄ-ն է, այլ ՌԴ-ը: Էներգակիրների գները սրընթաց անկում են ապրում միջազգային շուկաներում, որը, փորձագետների մեծամասնությունը համոզված են, որ Արևմուտքի կողմից ծրագրված ճնշում է Իրանի ու Ռուսաստանի դեմ: Էլ չխորանանք Սաուդյան Արաբիայի դրդապատճառների մասին, որը լուրջ հակամարտության մեջ է հենց Իրանի ու Ռուսաստանի հետ:
Նշված ճնշումների արդյունքում բնական է, որ թիրախ երկրի արժույթը դոլարի համեմատ սկսելու է անկում արձանագրել: Դա իրանում տեղի ունեցավ երեք տարի առաջ ու մինչ օրս շարունակվում է, իսկ ՌԴ-ում սկսեց Ուկրաինայի դեպքերից հետո ու թեժացավ վերջին ամսվա ընթացքում: Իսկ այդ արժեզրկումն արտահանող երկրների համար նաև դրական արձագանք ունի, որովհետև իրենց արտահանած ապրանքների եկամուտը տեղական արտարժույթով փոխանակելով՝ ավելի մեծ շահույթ է ապահովում իրենց:
Բայց մեր դեպքում այդ իրավիճակն ավելի տխուր է դառնում, մենք թե ներկրող երկիր ենք, թե մեր ֆինանսական ու առևտրական ոլորտը լիովին կախյալ է ՌԴ-ից՝ իմա ռուբլիից:
Հիմա խոսենք պարզ օրինակներով. մենք սահմանի վրա գազը գնում ենք 189$/1000 խմ.-ի համար, ավելի կոնկրետ անցյալ ամսվա տվյալներով 76,545 դրամ/1000 խմ.-ի համար ($=405 դր.): Իսկ այսօրվա դրությամբ մենք 1000 խմ. գազը գնում ենք 86,184 դրամով ($=456 դր.), այսինքն մոտ 10,000 դրամ ավելի թանկ, քան անցյալ ամիս:
Ուրեմն պարզվում է, որ մեր պետության համար գազը մոտ 14% թանկացել է, մի խոսքով՝ ՀՀ-ը փոխհատուցում է նավթի գնանկումից առաջացած ՌԴ վնասների մի մասը:
Այս բոլորը տեսնելով՝ ավելի է պարզ դառնում, թե ինչո՞ւ ՌԴ-ը ջանք չի խնայում նախկին ԽՍՀՄ հանրապետություններին կրկին միավորելու հարցում՝ այս անգամ ԵՏՄ անվան ներքո: Մենք ՌԴ համար պետք ենք որպես քավության նոխազ, էժան բանվոր ուժ, ովքեր ՌԴ կրած բոլոր ճնշումներն ու վնասները պիտի կրեն մեր ուսերի վրա, ու անգամ եթե կրկին նոր պատերազմ պարտադրվի Ռուսաստանին, առաջին ճակատներում հայտնվելու ենք մենք, արդարացնելու համար էլ կրկին դա Հայրենական պատերազմ պիտի անվանեն:
Այս բոլորի մեղավորը մենք ենք, ազգն է՝ լինեն Հայաստանում, թե Հայաստանից դուրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել