Ժողովրդի ծանրագույն վիճակը հաշվի չառնելով՝ շուկայական «մաֆիան» շարունակում է գների բարձրացման տխրահռչակ գործը, հավանաբար ամեն օրվա եկամուտը հաշվելով՝ Բենդերի նման ասում է. «Էս ինձ, էս շեֆին, էս հարկայինին... Չէ, էլի տակ տվինք, գները բարձրացնել է պետք, թոշակ ու նպաստ են ստացել, բեր մի լավ թափ տանք, համ էլ դեմը Նոր տարի կա, դրսերից փող-մող ստացած կլինեն...»: Ու՜... Գնաց. դեռ Մաքսային չմտած՝ ինչ կա-չկա՝ թանկացրեցին. ձվի թանկացումը «մարսեցին», անցան ձեթին, կարագին, շաքարավազին, հիմա էլ ալյուրին: Ու ՏՄՊՊՀ-ն դեռ պետք է որոշի գների բարձրացման «սահմանադրականության ու լեգիտիմության» հարցը. դոլարի կուրսի բարձրացման հետ կապ ունի՞, թե՞ չունի: Մինչև որոշեն՝ մարդիկ մի լավ կքամվեն: Համենայն դեպս, նոյեմբերի 28-ի Հ1-ի տնտեսական հավելվածով ակնարկվեց, որ գների բարձրացումը կարող է դոլարի բարձրացման հետ կապ չունենալ, քանի որ ապրանքները կարող են դոլարի ցածր կուրսով առած լինել, բայց դե լսո՞ղն ով է, հլա մի գները «քշում» են, ժողովուրդն էլ «հայի խասյաթի » համաձայն՝ ինչքան բարձրացնում են, էնքան ավելի ագահ է դառնում ու, ոտուձեռ ընկած, ավելի շատ է տուն տանում. երևի մտածում են՝ «Բա որ ավելի թանկանա...»: Ամերիկայում էժանացած ապրանքի համար են իրար ոտնատակ տալիս, Հայաստանում՝ թանկացած ապրանքի, շուկայական «մաֆիան» էլ ծիծաղում է վրաներն ու էլ ավելի թանկացնում եղած-չեղածը, ու հարցնող չկա, թե դեռ Մաքսային չմտած՝ եվրոպական ապրանքի գինն ինչու՞ եք թանկացնում, կամ եվրոպականը մի կերպ հասկացանք, բա Մաքսային միության «քավոր» Ռուսաստանից ներկրված ապրանքների գի՞նն ինչու եք թանկացնում: Հետո էլ ասում էին՝ «Որ մաքսային մտնենք, էժանացում է լինելու», սա է՞ էժանացումը: Որքան էլ ցավալի է, սակայն շատ հնարավոր է՝ թանկացումների մի հնարավոր պատճառ էլ այն է, որ օլիգարխները համահայկական մարաթոնին մեծ գումարներ են «մուծվել», ու հիմա դրա տակից դուրս գալու նպատակով անցել են ժողովրդի վերջին հյութերը «քամելուն», թե չէ ի՞նչ է ստացվում. համաշխարհային շուկայում նավթի գներն իջել են 30 տոկոսով, Հայաստանում ներկրվող ապրանքների գներն աճում ե՞ն: Որ ի՞նչ: Թե՞ մերն ուրիշ է: Ենթադրվում է, թե թանկացումների «ցիկլոնը» դեռ երկար կթևածի, քանի որ առջևում թոշակ-աշխատավարձերի բաշխման օրեր են, հետո «սև դեկտեմբերի 7»-ը. առաջիկայում՝ Նոր տարին... Իսկ հունվարի մեկից արդեն եվրոպական ապրանքների թանկացումը լրիվ «լեգիտիմ» կճանաչվի: Ենթադրվում է, թե դոլարի կուրսն էլ արհեստականորեն բարձրացնում են, որ «գլխանց» արված թանկացումներն այդ հանգամանքով պատճառաբանեն: Մինչև ՏՄՊՊՀ-ն որոշի, թե «որը որից հետո է»,  գները մի լավ կկեղեքեն բնակչությանը կամ «թեփրահան կանեն»: Կեցցե ազատ ու անկախ Հայաստանը, կեցցե եվրասիական միությունն ու նրա հետ հեչ կապ չունեցող ազատ ու անկախ գների աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել