Հանդուրժողականություն բառը հայերիս համար խիստ փոխկապակցված է սեռական փոքրամասնությունների հետ: Վերնագիրը կարդալիս ինձ ճանաչողները հաստատ զարմացան, քանզի իմ շրջապատում բոլորը գիտեն, որ այդ առումով ես բավականին հանդուրժող եմ: Այո՛, միջանձնային շփման մեջ ինձ համար առաջնայինը մարդկային արժանիքներն են, ինձ ոչ մեկի սեռական կողմնորոշումը չի՛ հետաքրքրում: Սակայն այդ նույն մարդկային հարաբերություններում ես շատ անհանդուրժող եմ նրանց հանդեպ, ովքեր ընկրկում են իրենց մարդ տեսակով: Ասեմ ավելին, իմ կյանքը հիմնովին փոխվեց, այն օրվանից, ինչ ես դարձա անհանդուրժող մարդկային միջակ տեսակի հանդեպ: Երբեմն կարծել եմ, թե հանդուրժողականությունը կփրկի հարաբերությունները: Սխալվել եմ: Գալիս է մի պահ, ու հասկանում ենք, որ անցել ենք հանդուրժողականության սահմանը, ու եթե մեզ հետ անարդարացի են վարվել, ապա դա մեր իսկ մեղքն է՝ չափազանց հանդուրժող ենք գտնվել...

Կյանքը սովորեցրեց միշտ իմանալ սեփական չափը, գծել սեփական սահմանները, դնել սեփական նշաձողը, լինել ինքնաքննադատ, ոչ մեկից ոչինչ չակնկալել, փոխարենը՝ տալ հնարավորություն, որ քեզնից հրաժարվեն՝ բարձրացնելով չափանիշներդ շրջապատի համար: Շատերը չդիմացան բարձր ստանդարտներին, և դա նորմալ է, միայն թե ցավալի: Մարդիկ ընտրում են հեշտ ուղին, նրանք հրաժարվում են ինքնակատարելագործվելուց և իրենց շրջապատում իրենցից ավելի ցածր արժեհամակարգի տեր մարդկանցով, որպեսզի իրենց միջակությունն աննկատ մնա: Դա ընդամենը թերարժեքության բարդույթ է կամ միջակության սինդրոմ:

Անհանդուրժո՛ղ եղիր նրանց հանդեպ, ովքեր քեզ ներքև են քաշում ու կտեսնես՝ ինչպես ես վեր բարձրանում: Հիշի՛ր օդապարիկի թռիչքի մեթոդի մասին:
Անհանդուրժող եղիր մակաբույծների հանդեպ ու կտեսնես՝ ինչպես է քո հոգսը թեթևանում: Անհանդուրժող եղիր պնդերեսների հանդեպ ու կտեսնես՝ ինչպես են քեզ գնահատում: 
Անհանդուրժող եղիր շրջապատումդ տեղի ունեցող անարդարությունների հանդեպ ու կտեսնես ինչպես են սկսում հարգել քո իրավունքները: 
Գուցե պարադոքս թվա, բայց եղի՛ր անհանդուրժող ու կտեսնես՝ ինչպես է շուրջ բոլորդ ծաղկում:
Քանի՞ անգամ են ձեր բակում ապօրինի ծառահատումներ կատարել, քանի՞ քարե ավտոտնակներ կառուցել ձեր լուսամուտի առաջ, ու քանի՞ անգամ ես դու համապատասխան արձագանքել. ոչ մի՞. դու ակամայից հանդուրժել ես միջակություն: 
Պայքարի՛ր եթե նույնիսկ մենակ ես, եղի՛ր անհանդուրժող անտարբերության հանդեպ ու կտեսնես՝ ինչքան համախոհներ են շուրջդ հավաքվում: Կլինեն շատերը, ովքեր քեզ կքարկոծեն, բայց մի՛ ընտրիր հեշտ ուղին, քանզի լռել, թաքնվել ու վախենալ կարող են բոլորը, դու եղիր համարձակ ու կտեսնես, թե ինչպես են քեզնով հիանում: Դարձի՛ր ներշնչանք ու կտեսնես, թե ինչպես ես փոխում կարծրատիպը հեղինակություն լինելու «հաստավիզ» չափանիշի վերաբերյալ:

Փոխի՛ր «հանդուրժողականություն» բառի քո ընկալումը, ընտրիր ճի՛շտ օբյեկտ անհանդուրժողականության համար և կտեսնես, թե ինչքան հանդուրժող ես եղել շրջապատումդ տեղի ունեցող արատավոր երևույթների հանդեպ և անհանդուրժող այն մարդկանց հանդեպ, ում չես էլ ճանաչում, ովքեր քեզ ոչինչ չեն արել...

Բարձրացրու՛ չափանիշներդ, եղիր պահանջկոտ ու անհանդուրժող, բայց առաջին հերթին՝ ԻՆՔԴ ՔՈ ՀԱՆԴԵՊ: Դա կատարելագործվելու միակ միջոցն է: 
Ու գուցե ես չեմ այն մարդը, ում փորձին պետք է հետևես, բարի՛: Վարվի՛ր ինչպես Գանդին՝ եղի՛ր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել