Ցույց տալը, որ երկրում բոլորը չէ, որ կողմ են ԵՏՄ-ին, չափազանց կարևոր էր մեր պետության դիրքերը շատ չթուլացնելու համար, ընդ որում՝ ինչքան շատ լինեին դեմ քվեարկողները, այնքան ավելի ուժեղ կլիներ հետագայում մեր կեցվածքը հենց ԵՏՄ-ում։ Էս պնդման հետ կարծես բոլորն են համաձայն։ Ու հենց սա է պետականամետությունը, հայաստանակենտրոնությունը ու ազգայինը, ոչ թե ընդդիմադիր լինելով՝ ասելը, թե քվեարկում ենք այնպես, ինչպես կքվեարկեինք իշխանություն լինելու դեպքում՝ ելնելով նրանից, որ անվտանգության ու տնտեսական տարբեր համակարգերում չենք կարող լինել և այլն և այլն։ Ու դրա համար էր էս քանի օրվա կռիվը ընդամենը, թե չէ պարզ էր, որ ՀՀԿ-ն կոճակները սղմելու է։ Ափսոս որ Ժառանգությունը միակն էր, որ ամբողջ կազմով դեմ քվեարկեց։ Այնպես որ, պետք չէ խոսալ ռեալ պոլիտիկից՝ արդարացնելու համար կողմ քվեարկելը․ ՌԵԱԼ ՊՈԼԻՏԻԿՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՆ ԷՐ։

Ընդ որում՝ 103 կողմ, 7 դեմը չի արտացոլում նաև հասարակության դիրքորոշումը. անգամ Գելափի ասելով՝ 63%-ն է կողմ ԵՏՄ-ին՝ նվազման միտումով։ Փողոցում կանգնած մարդկանց թիվը ցուցանիշ չէ, որովհետև մեկը ես այսօր ու նախօրեին չեմ եղել։ Կամ պաշտոնապես 560 հազար ձայն ստացած Րաֆֆին ավելի սակավամարդ հանրահավաքներ էր անում, քան 350 հազար ստացած Լևոնը և այլն։ Պարզ է, որ ընդհանրապես խորհրդարանը չի արտացոլում քաղաքական ուժերի նկատմամբ իրական վստահությունը, բայց ստեղ էլ Ժառանգությունն ավելի մոտ գտնվեց իր ընտրողներին՝ քվեարկելուց ավելի շատ հաշվի առնելով իր ընտրողներին, ոչ թե էն, որ վաղը, հանկարծ, Ռուսաստանը կարող ա քեզ խանգարել իշխանության գալու պրոցեսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել