Այսօր կայացած Կառավարության նիստի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Երիցյանն իր խոսքում նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը:
Նա նաև ասել է, որ ԿԲ-ի վերջին հայտարարություններում կոչ է արվել զերծ մնալ դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել:

Նա նաև անդրադարձել է ԿԲ-ի և հայաստանյան մնացած բանկերի պահուստային ֆոնդերին և հավաստիացրել, որ բանկային համակարգի կայունությունն ապահովված է: Եվ որ բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և՛ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները: Իսկ ինչ վերաբերվում է գնաճին, ապա նա նշել է, որ ներկա դրությամբ այս տարի այն կլինի 4%-ի շրջանակներում, որը կանխատեսումների շրջանակներում է:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ առայժմ մտահոգության և խուճապի կարիք չկա, և որ ԿԲ-ն ամենօրյա ուժեղացված վերահսկման տակ է առել արտարժույթի շուկայում տիրող ինտենսիվ տատանումները: Հուսանք, որ ձեռնարկված գործողությունները կլինեն արդյունավետ, և ամանորի շեմին շուկայում չեն լինի աննախադեպ թանկացումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել