Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հավաքել է 1053 ձայն՝ առաջ անցնելով Վլադիմիր Կլիչկոյից (775 ձայն) և Յոհան Պաբլո Էրնանդեսից (763 ձայն): Մեր հայրենակիցն այս անվանակարգում հաղթում է արդեն 6-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 12-րդ անգամ:

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում` Ներքին Չարբախում: 
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2003 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաև Գերմանիայի քաղաքացիություն: 
Դեռ վաղ մանկությունից աչքի է ընկել սպորտի հանդեպ մեծ սիրով: Մանկության տարիներին ՀՀ-ում զբաղվել է հեծանվասպորտով` դառնալով այս մարզաձևի Հայաստանի պատանիների բազմակի չեմպիոն:
2003 թվականից հանդես է գալիս գերմանական «Զաուերլանդ իվենթ» փրոմոութերական կազմակերպության ներքո, մարզիչն է անվանի Ուլլի Վեգները, մենեջերը` Վիլֆրիդը Զաուերլանդը:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 45 մենամարտ, որոնցից 41-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 
5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: 
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից):
2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 
2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգևատրել է Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
2014 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Արթուր Աբրահամին հանձնել է շնորհակալագիր` միջազգային հարթակներում Հայաստանի և հայկական սպորտի պատիվը բարձր պահելու, փայլուն հաղթանակների ու Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը մեծապես աջակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել