Երեկ Տարոն Մարգարյանն Առողջապահության նախարարի հետ այցելել են մայրաքաղաքային 4 բուժհաստատություններ։ Այն բուժհաստատությունները, որը ներկայացրեցին երեկ լուրերով, ինչպես ասում են՝ համապատասխանում են եվրոպական չափանիշների։ Թվում է, թե դրախտում ենք ապրում, այն էլ տեղյակ չենք։ 
Շատ լավ է, որ բուժհաստատություններից գոնե մի քանիսն արդեն նոր սարքավորումներ ունեն, և այդ տարածքի բնակիչները կարող են օգտվել բարելավված բուժսպասարկումից։
Սակայն Տարոն Մարգարյանը լավ կանի նաև, որ մեկ–մեկ այցելի Ավանի տարածքային պոլիկլինիկա, այն համայքնի, որտեղ նա բնակվում է և ժամանակին եղել է համայնքապետ։
Թող մի օր գնա այդ պոլիկլինիկա և տեսնի՝ որքան զզվելի ու անվխիթար վիճակում է այն գտնվում։ Թող մի տաս րոպե կանգնի սառը միջանցքում. եղած հիվանդություններին հաստատ մի տասն էլ կավելանա։ Թող հատ–հատ մտնի բժիշկների սենյակները և տեսնի այնտեղի ողբալի վիճակը։ Էլ չեմ խոսում, որ հարկերից մեկում տարրական սանհանգույց չկա, ավելի շուտ կա, բայց մուտքն այնտեղ խստիվ արգելվում է, քանի որ աստված չանի, եթե հիվանդներից մեկն այնտեղ մուտք գործի, առավել հավանական է, որ մի վարակի կրող կդառնա։ Մինչդեռ պոլիկլինիկաներում պետք է մաքրության արտակարգ ռեժիմ գործի։
Լաբորատորիաների ու դրանց ծառայության որակի մասին էլ կարելի է լռել։ 
Մի խոսքով՝ Ավանի պոլիկլինիկան էլիտար թաղապետարանին կից հիմնովին վերականորոգման ու սարքերով համալրվելու կարիք ունի։ Վատ չէր լինի նաև, որ սպասարկման որակն էլ բարելավվեր։
Վերջերս ջեռուցման համակարգ էին անցկացրել, բայց դեռ հարց է՝ այն գործում է, թե չէ։ 
Մի խոսքով, ժողովուրդ ջան, Ավանի պոլիկլինիկա գնացեք միմիայն բյուրոկրատական հարցերի դեպքում՝ բժշկի թուղթ կամ նման տեղեկանքներ ստանալու համար, մյուս բոլոր դեպքերում ռիսկի տակ մի դրեք Ձեր առողջությունը։ Ու միշտ հիշեք, որ Հայաստանում էժան միսը ղազան է մաշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել