Կարծում եմ, արդեն նկատած կլինեք, որ ԲՀԿ-ն իրեն շատ զուսպ և կաշկանդված է պահում ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի քննարկումների ժամանակ: ԲՀԿ-ական պատգամավորների կողմից չկան ԵՏՄ-ն գովերգող կամ ԵՏՄ-ի հանդեպ ատելությամբ լցված ելույթներ: Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: 
ԲՀԿ-ում գիտակցում են, որ այս իրավիճակում Հայաստանը հայտնվել է պարտադրանքով: Եվ պարտադրել են մեզ ոչ թե ռուսները, այլ հենց այսօրվա գործող իշխանությունները: Հենց նրանց կողմից վարած անհեռատես քաղաքականությունն է մեզ բերել ու կանգնեցրել ԵՏՄ-ի դռան առաջ, քանզի խիստ հակառուսականությունը, որ բնորոշ էր իշխանությունների վարած քաղաքականությանը մինչև անցյալ տարվա սեպտեմբերի 3-ը, վերջում ինքնըստինքյան պետք է բերեր Ռուսաստանից ավելի մեծ կախվածության: 
Լավ է դա թե վատ, բայց մեր աշխարհաքաղաքական դիրքից ելնելով՝ մենք ուղղակի պարտավոր ենք վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Մենք չպետք է հակադրվենք ռուսներին կամ եվրոպացիներին, քանզի հակադրումը միշտ էլ բերում է մեկուսացման, ավելի մեծ կախվածության և հնարավոր է նույնիսկ տարածքային կորուստների: Սա, ցավոք, չեն գիտակցել գործող իշխանությունները, սակայն շատ լավ գիտակցում են ԲՀԿ-ում և չեն ուզում մտնել մի խաղի մեջ, որը նախաձեռնել են իշխանությունները՝ սեփական, խիստ անձնական շահերից ելնելով, պետական շահերի մասին նույնիսկ մի պահ չմտածելով: 
ԲՀԿ-ում չեն ուզում գործիք դառնալ, որի շնորհիվ օրվա իշխանությունները կլուծեն իրենց խնդիրները և կքծնեն ռուսներին՝ սեփական դիրքերը նրանց մոտ ամրապնդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել