Ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացն օրեցօր լճանում է: Մի փոքր պատմական ակնարկ անենք ոչ իշխանական ուժերի քաղաքական անցյալից: Շարժումը սկսեցին չորս խորհրդարանական ուժերով: Օրակարգային մի քանի հարցերի շուրջ անհամաձայնությունների հետևանքով ոչ իշխանականների կառույցն ունեցավ թվային փոփոխություն: Մասնավորապես, ՀՅԴ-ն, սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ չկիսելով ոչ իշխանականների մյուս ներկայացուցիչների մոտեցումները, լքեց «քաղաքական դաշինքը»:

Հոկտեմբերյան երկու ցույցերից հետո Եռյակի գործունեության նկատմամբ փոխվեցին Ժառանգության մոտեցումները: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությունով, որն էլ իր հերթին նոր քաղաքական կանխատեսումների առիթ դարձավ: Գլոբալ առումով նրա ասուլիսիներից դժվար չէր հասկանալ, որ Ժառանգությունը, նոր գործընթաց նախաձեռնելով, դե ֆակտո առանձնանում է եռյակից:

Արդյունքում եռյակի` քաղաքական ուժերի համախմբման ժամանակաշրջանը, մեղմ ասած, գործեց ի վնաս ոչ իշխանականներին: Այսօր էլ լրահոսից տեղեկանում ենք, որ համաժողովրդական շարժմանը միացած ազատամարտիկների դաշինքն արդեն վճռել է այլևս չմասնակցել ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հաջորդ հանրահավաքներին: Մասնավորապես, այսօր լրագրողների հետ զրույցում «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը հայտարարել է. «Եթե գալու են վերջնականապես տուն չգնալու նպատակով՝ կնստեն, կկանգնեն, չգիտեմ ինչ կանեն, այսինքն՝ շարունակություն կունենա, մենք անելիք ունենք, իսկ եթե պիտի գան, հետո նախկինի պես հետ գնան, արդեն դա ավարտվել է: Արդեն այդտեղ անելիք չկա»:

Փաստացի, ոչ իշխանականների քաղաքական դաշտի կոնսոլիդացիոն փուլում մի քանի համեմատաբար հզոր ընդդիմադիր կառույցներ դուրս եկան «քաղաքական դաշինքից», և փոխարենը շարժմանը միացան մի քանի փոքր քաղաքական ուժեր, որոշ անհատներ, վահանբաբայանական միանձնյա կամ մի քանի հոգանոց հասարակական կազմակերպություններ: 
Հատկանշական է, որ նման քաղաքական թիմով ոչ իշխանականների համար բավականին բարդ կլինի հասնել իշխանափոխության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել