Կարծում եմ յուրաքանյուրն ունի հիասթափության մասին իր ուրույն պատկերացումն ու «սահմանումը»: Ինձ  համար հիասթափությունը իրականության և երազանքների անհամատեղելիությունն է, երբ որևէ իրողություն մի կերպ պատկերացնում ես, բայց իրականում գործողություններն ուրիշ կերպ են ընթանում, քանի որ դերասանները համաձայն չեն քո գրած սցենարի հետ: Նրանք ունեն իրենց սցենարը, որը հարմարեցրել են իրենց նախասիրությունների հետ: Երբեմն դու դուրս ես մնում գլխավորի դերից: Երբեմն էլ` ամբողջ ներկայացումից:

Հիասթափություն է, երբ մարդկանց ավելի լավն ես պատկերացնում քան նրանք իրականում կան: Հիասթափություն է, երբ որևէ մեկը կանգնում է ճանապարհիդ: Երբ շատ հարազատ մարդիկ հեռանում են քեզնից, քանի որ ձեր պատկերացրած հարաբերությունները չեն համընկնում: Հիասթափություն ես ապրում, երբ խառնվում են քո կյանքին ու չեն թողնում ապրես այնպես ինչպես դու ես ցանկանում, այլ` քեզ գրանցում են իրենց հերոսների ցուցակում, դու պարտավոր ես խաղալ ուրիշի կանոններով:

Անգամ հիասթափություն ես ապրում այն ժամանակ, երբ քեզ թեկուզ մի փոքրիկ հարցում անտեսում են: Կամ էլ վերջին պահին փոխում են պլանները ու դու նորից մնում ես միայնակ և ձեռնունայն… ու քո երազանքը նմանվում է ծովափի ավազին, որին ուր որ է կհարվածի ծովի ալիքը:

Հիասթափվում ես երբ քեզ չհասկացող մարդկանց պատճառով արցունքներդ գլորվում են երեսն ի վար… երբ ամենագեղեցիկ եղանակը քեզ համար ամպամած ու մշուշապատ է դառնում…

Ամենամեծ հիասթափությունն էլ այն է, երբ ինքդ քեզնից ես հիասթափվում: Սա այն դեպքում, եթե հասել ես ինքնագնահատման բարձր մակարդակի…

Ամեն դեպքում, յուրաքանչյուր հիասթափություն իր սպին է թողնում, քանի որ դառնում ես ավելի զգոն բայց նաև չհավատող… Ամեն հիասթափությունից հետո ավելի արագ ես «մեծանում»…

Ահա  եկեք այսպիսի տրամադրության համահունչ էլ երգ վայելենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել