Գիտեք, որ ԱԱԾ աշխատողի հետ զրույցիս հրապարակումից հետո դիմել էի դատախազություն, որ քրեական գործ հարուցեն։ Դատախազությունը մերժել էր՝ ասելով, թե ձայնագրությունը, որ ներկայացրել եմ, ապացույց չէ։ Իրականում պետք է քննություն տանեին, հետո նոր պարզեին՝ ապացույց է, թե չէ (կարող էի անգամ բանավոր հաղորդում տալ, ու իրենք պետք է քննություն տանեին)։

Բողոքարկեցի դատախազության մերժումը, վաղը 10։30 հերթական նիստն է լինելու, ինձ թվում է՝ դատավորը որոշում կկայացնի։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ կամ կստիպի դատախազությանը քրեական գործ հարուցել, կամ կստիպի դատախազությանը քրեական գործ չհարուցելը որոշումով ձևակերպել (էս էլ չես հասկանում ինչ է՝ գրություն են ուղարկում դատախազությունից, վրեն գրած չի՝ որոշում է, թե ինչ է վաբշե), կամ կմերժի իմ հայցն ամբողջությամբ։ Ինձ համար ամենացանկալի տարբերակն այն է, որ միանգամից մերժի, ես բողոքարկեմ վերաքննիչ, դա էլ մերժի, վճռաբակն էլ մերժի, ու դիմեմ Եվրոդատարան։ Թե չէ հիմա որ քրեական գործ հարուցեն, հետո պարզ է՝ կարճելու են, էդ կարճումը պետք է սկսեմ վեր ու վար բողոքարկել, ու մենակ դա մի քանի տարի կարող է տևել։

Հայաստանի քրեական օրենսգրքի ու Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված խախտում կա, բայց 2-ի մասին կարճ ուզում եմ ասել։ Ձայնագրությունից հստակ երևում է, որ ԱԱԾ-ն ինձ գաղտնալսել է ու իմ մասին ամեն տեսակ տեղեկություններ է հավաքել-պահել, ինչն արգելված է՝ եթե չկա դատարանի որոշում (Քրեական օրենսգրքի 144 հոդված)։ Որ դատարանի այդպիսի որոշում չէր կարող լինել, հստակ է: Վստահ եմ, որ հետին թվով չեն համարձակվի մի բան գրել, թե չէ ավելի մեծ կրակը կընկնեն։

Երկրորդ՝ փորձ է արվել միջամտել կուսակցության գործունեությանը, քանի որ վստահ եմ՝ ինձնից տեղեկություններ էին ուզելու կուսակցության մասին։ Էս էլ է օրենսդրությամբ ամրագրված խախտում (Քրեական օրենսգրքի 161 հոդված), ԱԱԾ-ն իրավունք չունի անգամ մոտենալ կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչներին, եթե հակահետախուզական բաներ չկան: Իսկ որ չեն կարա լինել, պարզից էլ պարզ է. սենց դեպքերում ասում են՝ ուր է թե մի տենց բան փորձեին հորինել «Ժառանգության» հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել