Ռուս-աբխազական համաձայնագիրը, թերևս մի քանի ամիսներ մշակվելով, ստորագրվեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո: Ռուսաստանյան վերնախավի համար հայկական Մի-24-ի խոցումը խորը վիրավորանք էր, քանի որ օգոստոսի 8-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը որպես տարածաշրջայանին կայունության և անվտանգության երաշխավորող հանդես եկավ անձամբ ՌԴ նախագահ Վ.Պուտինը: Երևանը, Ստեփանակերտը և Մոսկվան հանդուրժեցին Բաքվի հրճվանքը, դրսևորելով բավական լուրջ սառնասրտություն և զսպվածություն, բայց ադրբեջանական արկածախնդրությունը հնարավորություն տվեց տարածաշրջանում Ռուսաստանին նոր քայլերի դիմել` հիմնականում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար: Կրեմլում չեն բացառում, որ իր համար ոչ ցանկալի քայլերի կարող է դիմել նաև Թբիլիսին, մանավանդ, որ վերջերս սերտացել են վերջինիս հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մոսկվան կրկին անգամ հստակորեն հայտարարեց, որ թույլ չի տա Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը կամ որևէ այլ ձևով ասոցացումը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և Սոչիի պայմանագրով հստակեցրեց իր դիրքորոշումը: Ստանձնելով Աբխազիայի անվտանգության գլխավոր երաշխավորի դերը, Մոսկվան ցույց է տալիս, որ թույլ չի տա Թբիլիսիին փորձել ռազմական ճանապարհով հետ բերել այդ տարածաշրջանը:

Պայմանագրի ստորագրումը հստակեցնում է ռուսաստանյան դիրքերը նաև հենց Աբխազիայում: 2008 թվականի ռազմական գործողությունների ժամանակ աբխազական զինուժը գործեց ռուսական զորքերից բավական անկախ, և եթե Հարավայի Օսեթիայում իշխանությունները անկախությունը ճանաչելուց հետո Մոսկվայի հետ սկսեցին համաձայնեցնել իրենց ներքին և արտաքին քաղաքականությունը, ապա Աբխազիայում որոշ շրջանակներ հաղթանակի դափնիները վերագրեցին միայն իրենց: Երկրում ուժեղացավ Թուրքիայից վերաբնակեցված, և բնական է, որ հակառուսական և թուրքամետ տրամադրություններ ունեցող աբխազների ազդեցությունը, որը Մոսկվային չէր կարող չմտահոգել, մանավանդ այն ժամանակ, երբ հենց Սուխումում փորձեցին տապալել Սոչի-Սուխում-Թբիլիսի-Երևան երկաթուղու վերագործարկման հարցը: Կրեմլը նախ դիմեց կտրուկ միջոցների` թույլատրելով այստեղ իշխանափոխություն, ապա արդեն ռազմաքաղաքական դաշինքով վերջնակետ դրեց Սուխումի տատանողական պահվածքին: Սոչիի պայմանագրով Մոսկվան վրեժխնդիր եղավ նաև Անկարայից՝ ցուցադրելով, որ եթե վերջինս թաթարների միջոցով խառնվում է Ղրիմի ներքին գործերին, ապա Աբխազիայում նման գործելաոճ այլև չի կարողանա դրսևորել: Սա ևս մեծ խաղաքարտ դարձավ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել