Ո՞ւմ իրավահաջորդն է Հայաստանի ՀանրապետությունըԱնկախությունը եկավ և հայ ազգին գցեց հոգեվարքի մեջ։ 25 տարի է՝ ազգովին մեր տեղը չենք գտնում, փախչում ենք մեզանից, հայրենիքից, տնից, տեղից, կրոնից՝ մոռանալով ամեն ինչ, թե էս ինչ վի-ռուս հիվանդություն ներխուժեց մեր հայրենիք և, խառնելով բոլորիս անդորրը, դարձրեց փախստական: Ազգովին մեզ համար ռուսի ձեռի տակ լավ ծառա էինք աշխատում, ազատված էինք մտածելուց, ինքնուրույն որոշումներ ընդունելուց և վերջապես ազատված էինք մեզ անսովոր բառից, որը կոչվում էր պատասխանատվություն: Բա ո՞նց, սոված էինք-սոված չէինք՝ լենին պապի երգելով ու էն շան թոկ վզկապն էլ վզներիս կապած՝ ապրում, աշխատում և շենացնում էինք Ռուսաստանը՝ բացի մեր հայրենիքից: Փախչում ու փախչում ենք, լեղապատառ եղած պատմում ենք բոլորին այդ անկախություն վի-ռուսի մասին, ազգեր ենք փնտրում, որ կամովին մտնենք նրանց լծի տակ, և հանգրվան գտնելով՝ տանք մեր հավատարմության երդումն ու հնազանդությունը և, ծառայելով նրանց, շենացնենք օտարների երկիրն ու տունուտեղը: Այ մարդ, մենք շատ բան չենք ուզում, միայն թե փորներս կուշտ լինի, տեղներս՝ տաք, և ամենակարևորը, որ մեզ գովեն մեր լավ ծառա լինելու համար, էսքան բան, թե չէ՝ անկախություն, ազատություն, հասկացեք վերջապես, հո գիժ չե՞նք, մի հատ էլ ազատ ու անկախ ապրելով՝ լուրջ պատասխանատվություն վերցնենք, հենա մեր տեղը թող մտածեն մեր տերերը, բա տեսնում ե՞ք՝ ինչ խիտրի ազգ ենք, մեզ հայ են ասում: Տեր աստված, եթե հայերը քեզ դիմեն ու խնդրեն, որ ազատես իրենց այդ ազատ ու անկախ ապրելուց, չանես, միգուցե գա մի պահ՝ թափառելով այս կողմ-այն կողմ՝ հոգնեն, նստեն ու խորհեն, որ արդեն իրենց անպատասխանատվության ու ոչ միասնական լինելու հետևանքից կանգնած են անդունդի եզրին և սկսեն մտածել՝ միգուցե լավ բան է ազատ ու անկախ ապրելը, և այլընտրանք չունենալով՝ դարձի գան, սկսեն ազատվել իրենց մեջի բաշուբոզուկներից և սկսեն կառուցել և տերն ու տիրականը դառնան իրենց հայրենիքին, կրոնին և ապագային: Հայեր ջան, մենք պրծում չունենք, էնպես որ հերիք է տռճիկ տաք խռտնած այծի պես այն կողմ-այս կողմ, մենք ազգովին դեռ երեխա ենք մնացել, որի բերանը միրգ են դնում, դեռ համտես չարած՝ դուրս է շպրտում, բայց որ շատ են զոռում, մեր սովից այն ուտելով՝ հասկանում ենք, թե էս ինչ լավ բան էր. այ էս անկախություն կոչվածը հենց այն միակ ու Աստծո ուղարկած միրգն է, որ դեռ համտես չենք արել, դե պստլոներ ջան, սա էլ մի հատ փորձեք և համոզվեք, թե էս ինչ անմահական միրգ է, հա կուզենաք ուտել և ուտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել