Ռուս-աբխազական Սոչիի պայմանագիրն իր մեջ ունի ավելի խորը աշխարհաքաղաքական պատճառա-հետևանքային կապ ու ավելի հեռանկարային մարտավարություն: Նախևառաջ` այն լրջագույն մարտահրավեր է Հյուսիս-ատլանտյան դաշինքին: Դրանով Մոսկվան կրկին անգամ հասկացնում է Բրյուսելին, որ իր ներկայացությունը Սև ծովում ընդարձակվում է, որ Ղրիմը միմիայն ռուսական է և այլևս Ուկրաինայի կազմ չի վերադառնա, և որ նա չի պատրաստվում զիջել իր դիրքերը նաև Հարավային Կովկասում: Բացի Սևծովյան նավատորմի թվակազմի մեծացումից, ռուսաստանյան ռազմական ներկայացվածությունը գրեթե կրկնակի մեծանում է նաև Աբխազիայում, ստեղծվում է համատեղ զորամիավորում: Բացի այդ` նույն պայմանագրով Սուխումն ստանում է առավելագույն համագործակցություն ոչ միայն ԵՏՄ–ի , այլ նաև ՀԱՊԿ-ի հետ, թեև այդ ռազմաքաղաքական կառույցի ոչ մի անդամ–երկիր Աբխազիայի անկախությունը չի ճանաչել: Նման քայլով Մոսկվան ներմուծում է չճանաչված հանրապետությունների հետ հարաբերությունների նոր մշակույթ՝ ցույց տալով, որ պատրաստ է նոր մակարդակով և կարգավիճակով համագործակցել նրանց հետ: Նման նոր քաղաքականությունը ձեռնտու է նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, քանի որ նվազեցնում է Ղարաբաղյան հարցի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ հոռետեսական մոտեցումների հիմնավորվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել