Արդեն 3-րդ շաբաթն է՝ Արաբկիր համայնքի Հովսեփ Էմինի 7 շենքը շաբաթ-կիրակի օրերին զրկված է խմելու ջրից: Բնակիչները բազմիցս դիմում են հարցով միակ պատասխանատու «Երևան ջուր» ՓԲԸ-ին, որտեղից մի բարակ ձայնով օպերատոր անընդմեջ ռոբոտի միալար տոնայնությամբ միայն կրկնում է` «Տվյալ տարածքում ջրանջատում չկա: Ձեր համարը գրանցվեց, Ձեզ կարձագանքեն», և 3-րդ շաբաթն է՝ որևէ արձագանք չկա, առավել ևս` խնդրի որևէ լուծում: Հարցին, թե գուցե այլ համար տրամադրեք կամ տնօրինության որևէ կոորդինատ, որպեսզի դիմենք տարրական տեղեկատվություն ստանալու և հարցը հնարավորինս արագ լուծելու համար, հնչում է միակ պատասխանը` ընկերությունը հեռախոսահամարներ չի տրամադրում, սա մասնավոր կազմակերպություն է: Դե արի այդ տգետին բացատրիր, որ աղջիկ ջան, որքան էլ մասնավոր կազմակերպություն է, այն ենթարկվում է պետությանը, քանի որ կանոնակարգում է հանրային ամենամեծ սեկտորը` ջրօգտագործումը, հետևաբար և իր ծառայության համար հաշվետու է կառավարությանն ու հանրությանը: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել` հանրային սպասարկման ընկերությունը բացի այդ չարաբաստիկ 1-85 հեռախոսահամարից այլ կապի միջոց չունի, և բնակիչներն այնքան պետք է սպասեն, մինչ այդ «օպերատոր» կոչվածը (որը, որպես կանոն, մի տգետ, անմեղսունակ ձայնով մեկն է լինում, որի, փաստորեն, միակ առաքելությունը հեռախոսահամար գրանցելն է) բարեհաճի զանգահարել տվյալ տարածքի մասնաճյուղ և զեկուցել խնդրի մասին: 
Հետո էլ այդ նույն կազմակերպությունը բողոքում է, թե խմելու ջրի հսկայածավալ կորուստներ է ունենում և այլն, երբ անգամ ալարում են բնակիչների ահազանգով մի տեսուչ ուղարկել, ով կգա և տեղում կպարզի` ի՞նչն է պատճառը, որ տվյալ տարածքում ջրանջատում չկա, բայց բնակիչները ջուր չունեն: Սրանից հետևություն, որ «Երևան ջրում» կատարյալ անարխիա է` թե տարրական տեղեկատվություն տրամադրելու և թե սպասարկման նորմալ որակ ապահովելու առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել