Երեկ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տարօրինակ քննարկում տեղի ունեցավ վարչական իրավախախտումներին վերաբերող «Օրինաց երկիր» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթի շուրջ: ՕԵԿ-ի նախագծով ուղղակի արգելվում է ԴԱՀԿ-ին այլևս առանց դատարանի որոշումների կալանք դնել ՀՀ քաղաքացիների բանկային հաշիվների վրա, բռնագանձել նրանց գույքը: Նախագծի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը և քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է:
ՕԵԿ-ի ներկայացված նախագիծը բացասական եզրակացություն ստացավ: Նախագծին դեմ քվեարկեցին ՀՀԿ-կանները, սակայն նշելով, որ գաղափարին դեմ չեն: Դե իհարկե, գաղափարը նույնիսկ շատ լավն է, քանի որ տասնյակ հազարավոր վարորդների, այլ քաղաքացիների համար օրենքի ընդունումն ուղղակի փրկություն էր: Բայց դե ՀՀԿ-ն ՀՀԿ չէր լինի, եթե չմերժեր այն: Ինչևէ: 
Զավեշտը նաև այն է, որ նույն այդ նախագիծը շուրջ 2 ամիս արդեն դրական եզրակացությամբ ընդգրկված էր ԱԺ մեծ օրակարգում: Ստացվում է, որ նույն հանձնաժողովը 2 ամիս առաջ դրական եզրակացություն է տալիս նախագծին, 2 ամիս անց հանկարծ հասկանում է, որ իբր նախագիծը «փնթի է ու իրավաբանորեն ոչ ճիշտ» կառուցված: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Իսկապես ցավալի է, երբ պառլամենտական մեծամասնությունը նման վերաբերմունք ունի տասնյակ հազարավոր մարդկանց վերաբերող խնդրի առնչությամբ: Եթե գաղափարը լավն է, բայց իրավաբանորեն ճիշտ չէ կառուցված նախագիծը, ապա այս 2 ամսվա ընթացքում ինչո՞վ էր զբաղված պետաիրավական հանձնաժողովը: Եթե շահագրգիռ եք մարդկանց խնդիրները լուծելու հարցում, պատշաճ տեսքի բերեիք նախագիծը: Թե՞ դա ձեր նախաձեռնությունը չէր, դրա համար կարելի է անգործության մատնվել: Հակառակ պարագայում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է ստեղծված այդ հանձնաժողովը:
Ամփոփելով նշեմ, որ գործող կարգը, այո, հակասահմանադրական է, և վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը, որը Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ժամանակ մերժվեց, որով ԴԱՀԿ-ին իրավունք էր տրվում մինչև 200 000 դրամ տուգանք ունեցող վարորդների բանկային հաշիվների և գույքի վրա առանց դատարանի որոշման կալանք դնել, վարորդների առնվազն 95 տոկոսի խնդիրը չէր լուծում: Իսկ Կառավարության վերջին նիստում ԱԺ-ում մերժված նախագիծը նորից հաստատելն առնվազն անհասկանալի է, քանի որ օրենքով պահպանվում է դրույթը, որը թույլ է տալիս առանց դատարանի որոշման մարդկանց հաշիվների վրա կալանք դնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել