Երբ հասկանում ես, որ ընկեր ես կորցրել, որ նա այլևս չի լինելու, քարանում ես, փորձում գիտակցել ժամանակի մեջ ժամանակի կանգը, հասկանալ` որտեղ ես, ինչ ես անում, ու առհասարակ ինչ է կատարվում քեզ հետ: Մի քանի րոպեից դա էլ է անցնում, ու հասկանում ես, որ ժամանակը բնականոն ընթացքի մեջ է, ուղղակի ընկերդ այլևս չկա: Կան մարդիկ, որոնք ոչ թե ծնվելուց հետո, այլ ծնվելիս հայրենասերի ու մարդ կոչվելու խարանով են ծնվում: Մարդկային տեսակ` հայ, ազնիվ ու քրիստոնյա, բառեր, որոնք առաջին հայացքից հասարակ են, իսկ երբ փորձում ես վերլուծել ու միանգամից համամետել քեզ հետ, հասկանում ես, թե որն է մարդ, իրական մարդ լինելու ամբողջ գաղափարախոսությունը: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվեց ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: Մահվան Բոթը կայծակնային արագությամբ տարածվեց: Աննկարագրելի վիշտ, որը համակեց յուրաքանչյուր հայի: Ես էլ շատերի պես ցավակցական իմ խոսքը գրեցի ու վշտակից եղա զոհվածների հարազանտներին: Իսկ երբ համացանցում հրապարակվեցին զոհվածների անուններն ու նկարները, աֆեկտիվ վիճակի մեջ ընկա. աչքերիս առջև սևացավ ամեն ինչ ու ամեն բան: Ես ճանաչում էի նրան, արդեն հասցրել էինք ընկերանալ, թռչել ու հրանոթներ բաց թողնել ռազմական ուղղաթիռից: 37-ամյա Սերգեյ Սահակյանի մասին խորհում եմ մինչև հիմա, հիշում նրա ոգեշունչ հարցազրույցը, թե ինչքան ու ինչպես էր երազել դառնալ ռազմական օդաչու, որոնք են ռազմական օդաչուի ամենակարևորը հատկանիշները, և որն է օդաչու լինելու մարդ տեսակը: Վատ է, ուղղակի վատ, որ նրանք չկան, անասելի, անպատմելի ու անընդունելի վատ: Հիմա եմ հասկանում հերոսածին հայ մայրերին, որոնց մայրական կաթն արծիվներ են արարում` ճախրելու անսանձ թևերով: Նրանք են, որ գիտակցում են թշնամու վտանգն ու գնում ընդառաջ, նրանց խիզախությունն է, որ ահուսարսափ է խոստանում ոսոխին, և վերջապես հայ օդաչու տղերքն են միայն, մահը գիտակցելով, գնում դեպի հերոսություն՝ հանուն հայի պատվի՝ միևնույն ժամանակ գիտակցելով, որ տանն իրենց սպասում են: Հավերժ փառք ձեզ, հայ օդաչուներ, ձեր ճախրը չի դադարի ոչ երկնքում, ոչ երկրի վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել