Պանտոտենաթթուն բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության և մարսողական համակարգի վրա: Այն լիպիդների և ամինաթթուների նյութափոխանակության մեջ կարևորագույն դեր ունեցող ֆերմենտների բաղադրության անքակտելի մասնիկն է:

Օրգանիզմում վիտամին B3-իպակասը դրսևորվում է ընդհանուր թուլությամբ, ոտքի մատների թմրությամբ և ծակծկոցներով: B3 վիտամինով առանձնակի հարուստ են լյարդը, երիկամները, միսը, ձուկը և ձուն: Պանտոտենաթթվի մեծ պաշարներ կան ընդավորներում (լոբազգի բույսերում), սպիտակ սնկերի տարբեր տեսակներում, ինչպես նաև թարմ բանջարեղենում (կարմիր ճակնդեղ, սպանախ, ծաղկակաղամբ): Այս վիտամինն առկա է նաև կաթի մեջ և կաթի հիմքից ստացվող բոլոր թթվային սննդատեսակներում:

Մարդու օրգանիզմին անհրաժեշտ պանտոտենաթթվի օրական ստույգ պահանջը հայտնի չէ, սական մոտավոր հաշվարկներով այն կազմում է 10-12 մգ: Ինչ վերաբերում է հղի կամ կրծքով կերակրող կանանց, ապա վերջիններս ամեն օր սննդամթերքի հետ պետք է ընդունեն 15-20 մգ պանտոտենաթթու: Պանտոտենաթթվի օրգանիզմին անհրաժեշտ քանակության զգալի մասը սինթեզվում է աղիների միկրոմիջավայրում:

Վիտամին B3-ը շատ զգայուն է թերմիկ ազդեցությունների հանդեպ. ջերմամշակման արդյունքում
պանտոտենաթթվի գրեթե 50%-ը քայքայվում է:

Վիտամին B6 (պիրիդոքսին հիդրոքլորիդ)

Օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ վիտամիններից է նաև պիրիդոքսինը, որը նպաստում է ամինաթթուների և ճարպաթթուների յուրացմանը: Վիտամին B6-ն առանձնակի անհրաժեշտ է այն նորածին երեխաներին, որոնք մայրական կաթի փոխարեն արհեստական սնունդ են ստանում: Պիրիդոքսինը կենսական կարևոր նշանակություն ունի նաև երկարատև հակաբիոտիկային թերապիա անցնող հիվանդների, հղի կանանց (մանավանդ տոքսիկոզի ժամանակ) և հատկապես հորմոնալ և հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագոծող կանանց համար: Պոլիարթրիտ, աթերոսկերոզ և լյարդի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ևս խորհուրդ է տրվում վիտամին B6-ով հարուստ սնունդ օգտագործել:

Վիտամին B6-ի պակասը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի, արյունատար համակարգի վրա, հանգեցնում է անոթների գործունեության խաթարմանը, պատճառ է դառնում զանազան մաշկային հիվանդությունների (դերմատիտ, դիաթեզ և այլն) առաջացմանը: Ավելին, վիտամին B6-ի պակասը նպաստում է նյարդային համակարգի գործունեության խաթարմանը:

Վիտամին B6-ի մեծ պաշարներ կան հատիկավոր բույսերի ծիլերում, ընկույզում և պնդուկում, ինչպես նաև սպանախի, կարտոֆիլի, ծաղկակաղամբի, կաղամբի, գազարի, հազարի և լոլիկի մեջ: Հատապտուղներն ու մրգերը ևս հարուստ են պիրիդոքսինով, օրինակ, ելակը, գետնամորին, մասուրը, նարինջը, կիտրոնը, ծիրանը և դեղձը: Այս վիտամինի պաշարը կարելի է լրացնել նաև մսամթերքի, ձկնեղենի, ձվի և ընդեղենի միջոցով:

Չափահաս մարդու օրգանիզմը մեկ օրվա համար պահանջում է վիտամին B6-ի 1,5-3 մգ քանակություն, հղի կնոջ օրգանիզմը` 2-2,2 մգ, իսկ մինչև մեկ տարեկան երեխայինը` 0,3-0,6 մգ: Օրգանիզմին անհրաժեշտ պիրիդոքսինի քանակությունը մասամբ սինթեզվում է աղիների միկրոմիջավայրում: Սակայն հակաբիոտիկների ընդունման պարագայում աղիների միկրոմիջավայրը ճնշվում է, որի արդյունքում էլ նվազում է վիտամին B6-ի սինթեզը:

Վիտամին B6-ն իր բոլոր ձևերով համեմատաբար կայուն է, չի քայքայվում ջերմամշակման և օդի հետ շփման պարագայում, սակայն լույսի ազդեցությունից այն կարող է քայքայվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել