Դրամի կտրուկ արժեզրկումը ամենատարբեր շերտերի համար քննարկվող առանցքային հարց դարձավ: Շատերի մոտ մտահոգություն կա, որ դրամի արժեզրկումը կարող է հանգեցնել ինֆլյացիայի և կենսամակարդակի նվազման: Սակայն Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ գնաճային մեծ ռիսկեր չկան, և սա մի գործընթաց է, որը միտված է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին:

Դրամի արժեզրկումն օբյեկտիվ գնահատելու համար այն պետք է դիտարկել՝ հաշվի առնելով բոլոր գործոնները: Նախ նշենք, որ դրամի արժեզրկումը դոլարի արժևորման հետևանք է և ներքին արժույթի արժեզրկումներ գրանցվել են շատ այլ երկրներում: Որպես օրինակ նշենք, որ վերջին 10 օրվա ընթացքում վրացական լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 4.5%-ով՝ մեկ դոլարի փոխարժեքը 1.75-ից հասնելով 1.83-ի լարիի: Վերջին անգամ վրացական լարին դոլարի նկատմամբ նման ցածր մակարդակ էր գրանցել 2010թ-ին: Այսինքն՝ առաջին հերթին պետք է փաստել, որ կա դոլարի արժևորում, և դրամի արժեզրկումը պետք է դիտարկել նաև այս համատեքստում:

Դրամի արժեզրկման հաջորդ պատճառը կապված է Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակի հետ: Ռուբլու շարունակական արժեզրկումը նվազեցրել էր ինչպես Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների, այնպես էլ ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցների գնողունակությունը, այդ իսկ պատճառով դրամի արժեզրկումը դրական քայլ է և էապես կավելացնի տրանսֆերտների գնողունակությունը:

Հնարավոր ռիսկերի վերաբերյալ պետք է նշել, որ այս տարի գնաճը բավականին թույլ է և սեպտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը նվազել է մինչև 1.5%-ի և գտնվում է նպատակային ցուցանիշների տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ներքև: Այսինքն՝ հաշվի առնելով, որ այս տարի գնաճն էապես ցածր է, և Կենտրոնական բանկը հավաստիացրել է, որ ֆինանսական կայունության վրա մեծ ռիսկեր չի պարունակում, ապա այս պարագայում դրամի արժեզրկումը տնտեսության աշխուժացման պատճառ կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել