Երեկ դիմեցի VivaCell-MTS՝ համարս Orange-ից տեղափոխելու համար: Պատճառները մի քանիսն էին: Օրինակ այն, որ VivaCell-ն արդեն քանի տարի է՝ Այբի խոշոր բարերարն է, իսկ Օրանժը երբևիցե մեզ ոչնչով չօգնեց, չնայած որ դիմել ենք: Սակայն ես չեմ սիրում անձնական ընտրություններին քաղաքական երանգ տալ, և միայն այդ պատճառով չէի տեղափոխվի: Մոտ երկու ամիս առաջ, երբ վերջնական եկա Հայաստան, դիմեցի Օրանժին, որպեսզի իմ iPad-ի համար SIM-քարտ հատկացնեն իրենց՝ հենց պլանշետների համար նախատեսված սակագրով: Ինձ ասացին, որ քանի որ գրանցումս Հայաստանում չէ, չնայած որ Հայաստանի քաղաքացի եմ, ինձ չեն կարող այդ ծառայությունը հատկացնել: Պատճառը, հավանաբար, այն է, որ ես կարող եմ ամսական 2000 դրամ արժեցող ծառայությունից պիտի օգտվեմ և հավերժ լքեմ Հայաստանին՝ իրենց մի կոպեկ չվճարելով: Այն միտքը, որ իրենց կայանները, միևնույն է, էլեկտրականություն են խժռելու, մարդիկ, միևնույն է, իրենց աշխատավարձն են ստանալու, իսկ Այբ դպրոցի տնօրենը դժվար թե 2000 դրամ իրենց չվճարելու համար փախուստի դիմի, իրենց բացարձակ չհամոզեց: Անգամ երբ խնդրեցի, որ աշխատողը զանգահարի «վերին ատյաններ» և ճշտի: Պատասխանը միանշանակ էր՝ ես գող եմ և սրիկա և իրենց 2000 դրամը հաստատ կուտեմ, այնպես որ ինձ ոչինչ չեն տա: Չօգնեց անգամ թաղային լիազորից բերած թուղթը, որ ես իմ տանն եմ բնակվում: Երեկ, երբ գնացի Օրանժի մի այլ գրասենյակ՝ ճշտելու, թե ո՞ր փաստաթղթով եմ ստացել համարը, աշխատողը, իհարկե, հասկացավ՝ ինչու եմ հարցնում, և իրեն հետաքրքրեց պատճառը: Պատմեցի սրա մասին, ասաց՝ ուզո՞ւմ եք հենց հիմա ձեզ այդ SIM-քարտը տամ: Ստացվեց, որ իրենց կարգը մի կողմ դրած, կարելի էր իմ նկատմամբ հարգանք ցուցաբերել և չմերժել: Սակայն մերժելն ավելի հեշտ էր, և միայն երբ հարցը հասավ հաճախորդին կորցնելուն, իրենք պատրաստ են վերաբերմունքը փոխել: Այդ հենց այդ պահին էլ կասկած չունեցա, որ պետք է տեղափոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել