Այսօրվա լրահոսում կարդացի, որ Թուրքիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով նախատեսվում է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի 1915թ- ի Հայոց Ցեղասպանության համար: Եթե սա լուրջ տեղեկատվություն է, ապա կարծես թե թուրքերը խելքի են գալիս և մեզ գցում են մեր իսկ փորած փոսը: Բանն այն է, որ Հայոց Ցեղասպանության թեման միակ հարցն է, որ միավորում է ամբողջ աշխարհի հայությանը. եկեք անկեղծ լինենք ինքններս մեզ հետ և խոստովանենք, որ արդեն մեկ դար է, ինչ մեզ չի հաջողվել հայ ազգին համախմբել, օրինակ, հայոց պետականության կամ Արցախի միջազգային ճանաչման կամ այլ գաղափարի շուրջ: Հիմա մի պահ պատկերացրեք, որ Թուրքիան պատասխան քայլ է անում և ներողություն է խնդրում հայ ազգից, ասենք էկրանից տեսնում ենք, թե ինչպես է աչքին սոխ քսած Էրդողանն արտասվելով կարդում ներողության տեքստը, իհարկե առաջին քայլը կլինի համահայկական էյֆորիան, ամբողջ աշխարհը կխոսի դրանից և այլն: Իսկ հետո՞։ Ո՞վ է մտածել, թե ինչ է լինելու հետո: ՄԵնք չունենք ռազմավարական ծրագիր, այն պահից սկսած, երբ Թուրքիան ներողություն կխնդրի, ապա հիմք կդրվի պայմանական ասած ՀԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ և ՀՀ քաղաքացիների միջև անջրպետի խորացմանը, մեր մի մասը կհամարի պայքարն ավարտված, մյուս մասը՝ ոչ: Ուստի և ամենակարևորը՝ հայ ազգը կորցնում է համախմբված լինելու միակ թեման, որքան էլ կոպիտ է հնչում, բայց դա այդպես է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել