Աշխարհի ամենալավ ազգն ենք, բայց մի երկու թերություն ունենք: Դրանցից օրինակ՝ ինչ-որ երևույթ բացարձականացնելը: Ասենք սահմանային միջադեպ կամ լարված իրավիճակ է լինում, իսկ մարդիկ, բնականաբար, նման իրավիճակներում սոցիալական կայքերում իրենց կարծիքն են բարձրաձայնում, տեսակետներ արտահայտում, վերլուծություններ հրապարակում և այլն: Մեկ էլ մի մեծ հատված մեր պաշտելի ազգից սկսում է. «Դուք ստեղ գրառումներ եք կատարում, վերլուծություններ եք անում, իսկ մեր զինվորները բանակում են ծառայում, սահման են պահում»: Գիտենք, որ մեր զինվորները բանակում են ծառայում, սահման են պահում, ու մենք իրենց շնորհիվ ենք հանգիստ քնում, աշխատում, ապրում, համացանցում գրառումներ կատարում և այլն, բայց դա անընդհատ մարդկանց աչքը մի մտցրեք. այդ վերը նշված մարդկանց մեծ մասը ժամանակին պատերազմին է մասնակցել կամ գոնե բանակում է ծառայել, սահման պահել, երբ նույն հիմա ծառայող զինվորները նոր էին ծնվել կամ դպրոցական էին: Մի փորձեք ստեղծել տպավորություն, որ դուք զինվորի մասին անհանգստացող եք, իսկ մյուսները՝ տաքուկ անկյուններում համակարգչի առաջ նստողներ, որ պետք լինի և զորակոչ լինի, գրեթե բոլորն էլ համակարգչի առաջից կելնեն ու կդառնան զինվոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել