Արդեն 18 օր է, ինչ բնապահպանների ու ակտիվ քաղաքացիների մի մեծ խումբ պայքարում է Երեւանի Աբովյան փողոցից վերջերս հանված կրպակները Մաշտոցի այգում տեղադրելու շինարարական աշխատանքների կասեցման ու դրա մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար:

Չնայած այգին Երեւանում է, բայց պայքարին միացել են նաեւ մարզերից: Գյումրեցիների ու վանաձորցիների ակտիվությունը համացանցում եւ պարբերական այցելությունները Մաշտոցի այգի արդեն դարձել են ավանդույթ: Մենք մեր պարտքն ենք համարում լինել այգում պայքարողների կողքին, սատարել նրանց՝ անկախ այն բանից, դա վերաբերվո՞ւմ է մեր քաղաքին կամ մարզին, թե՝ ոչ: Այստեղ միայն տարածքային խնդիրը չէ, այլ ամբողջ հանրապետությունով մեկ կատարվող անօրինական գործողություններն ու ոտնձգությունները բնության հանդեպ: 

Երեկ ես ու իմ ընկերները՝ "YAN" ռոք-խմբի տղաները, մեկնեցինք Երեւան՝ մեր կիրակի օրն այգում անց կացնելու, մեր ընկերներին տեսնելու եւ այգում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար: Կեսօրին տեղ հասանք. քանի որ կիրակի էր, այդ պահին այգում մի քանի հոգի էին, ովքեր հին Երեւանի նկարներն էին կախում թելերից: Սիրով միացանք նրանց: Մի քանի ժամից մարդկանց հոսքը շատացավ, եւ ժամը 3-ին այնտեղ արդեն մոտ հարյուր մարդ կար:

Այգում ստեղծվել է քաղաքացիական ամբիոն. ցանկացողներն իրենց խոսքն են արտահայտում բարձրախոսով: Երեկ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ամբիոնից կարդաց իր բանաստեղծությունները: Մեզ շատ ուրախացրեցին մի քանի երիտասարդներ, ովքեր ազգագրական պարեր էին պարում: Շատ էին նաեւ երեխաները, ուրախ խաղում էին ձյան հետ, ճոճվում ճոճանակների վրա... Ես տեսա նաեւ մի երեխայի, ով ձնագնդիկ էր սարքում եւ հարվածում էր կրպակներից մեկի պատին, չգիտեմ, միգուցե այդ կերպ իր բողոքն էր արտահայտում, միգուցե՝ ոչ: 

Սովորականից քիչ էին ոստիկանները: Երեւի հանգստյան օրվա հետ կապված, մեկ էլ, որ շինարարություն այդ պահին չէր ընթանում: Արդեն սովորական է դարձել ոստիկանների ներկայությունը, շատերի հետ անգամ բարիդրացիական հարաբերությունների մեջ են այգու մշտական բնակիչ դարձած ակտիվիստները :Ճ 

Մի խոսքով, մթնոլորտն իսկական կիրակնօրյա էր, այգին նման էր այգու՝ մարդաշատ, աշխույժ երգ ու պարով, երեխաների ճիչ ու ծիծաղով լեցուն: 

Ակտիվիստների հետ քննարկեցինք այգում ռոք համերգ կազմակերպելու գաղափարը, որն իսկապես կօգնի պայքարին: Համերգին մասնակցելու իրենց պատրաստակամությունը հայտնեցին Վանաձորյան “YAN”“The Dreamers” ռոք խմբերը: Հետագայում, հնարավոր է,  այլ խմբեր էլ միանան... 

Երեկոյան վերադարձանք: Այդպես անցավ իմ կիրակին Մաշտոցի այգում:

Հիշեցնեմ, որ դեռ պարզ չի այգու ճակատագիրը: Հիմա ուղղակի ժամանակավոր դադարեցված են շինարարական աշխատանքները, բայց ամեն վայրկյան հնարավոր է՝ վերսկսվեն: Կոչ եմ անում բոլորին հնարավորության սահմաններում ակտիվ լինել եւ հնարավորինս շատ ժամանակ անց կացնել այգում՝ ակտիվիստների հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել