Էռնա Յուզբաշյանը, երբ իմացավ, որ հարցազրույցը Գյումրիի թերթի համար եմ անում շատ ուրախացավ և համաձայնեց հարցազրույց տալ: Ի սկզբանե, նա ուրախությամբ նշեց, որ գոնե թերթի միջոցով կստացվի կապ հաստատել գյումրեցիների հետ:

-Ինչո՞վ եք զբաղվում Ամն-ում
-Ապրում ենք, շփվում սփյուռքահայերի, հայական համայնքի հետ: Ես շատ ընկերներ ունեմ այստեղ: Նոր գաղափարներ ունեմ, նոր երգեր եմ ձայնագրում: Իմ համերգային ծրագրերն եմ թարմացնում: Ուզում եմ նոր երգեր ավելացնել, որոնք ինչ որ ժամանակ շատ հայտնի էին իմ կատարմամբ: Կարծում եմ, եթե հաջողվի, Մոսկվայում էլ համերգ կունենամ մեր հայրենակիցների համար: Սիրով , բարեգործական համերգներով հանդես կգամ Հայաստանում, եթե կազմակերպիչներ լինեն: Բավական է միայն կազմակերպչական հարցերը լուծվի: Ես ուզում եմ Հայաստանի գյուղերում ճամփորդել, ուզում եմ արմատներին մոտ լինել, սիրում եմ գյուղացի մարդկանց, շատ անկեղծ, բարի ու հասարակ են: Կարծում եմ, որ մարզերում ապրող մարդիկ դեռ չեն կորցրել հայկական շունչը, էությունը:

-Կա՞ որևէ դպրոց , ուր դասավանդում եք

-Այո, եղավ փորձ, կար ցանկություն: Անգամ ստուդիան անուն էլ ուներ` ‹‹ալեգրա›› : Կային աշակերտներ, բայց ես որակի վրա էի աշխատում: Վարձակալել էի տարածք, բայց եկավ մի պահ, որ երեխաները շատ արագ ուզում էին բեմ դուրս գալ, որին ես դեմ եմ: Նախ պետք է պատրաստվել պատշաճ հետո նոր մտածել բեմի մասին: Այստեղ ավելի շատ պարեր են նախընտրում սովորել, քան վոկալ:

-Հայաստանում ամենաշատը ո՞ ւմ կամ ի՞ նչն եք կարոտում

-Ընկերներիս, մտերիմներիս, կոլեգաներիս:  Թեև ոչ մի սեփականություն չունեմ Հայաստանում, բայց ձգողությունը մեծ է: Կարոտում եմ Հայաստանի  օդը, Հայսաըանս: Ես  80 ականներին եմ Երևան եկել ու 14 տարի եմ ապրել այնտեղ, հետո  եկել եմ Ամն ուր ավելի շատ եմ ապրել, քան Հայաստանում: Արդեն 19 տարի է Ամերիկայում եմ: Գալիս եմ Երևան կարոտում եմ ԱՄն-ն, այստեղ եմ լինում կարոտում եմ Երևանը: Տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ չեն տալիս շատ կարոտել, բացի այդ, ես հաճախ եմ Հայաստանում լինում:

՞ նչ կա Ամն-ում, որ գրավում է մարդկանց ու վերջին շրջանում հատկապես արվեստագետներն են մեկնում ու ապրում այնտեղ : Բացի աշխատանքից էլ ի՞նչն է գրավում:

-Ես մեկնել եմ  այլ պատճառներով: Ես ուժեղ սիրահարված էի մի տղամարդու, ով ապրում էր Ամերիկայում և ուզում էի նրա հետ լինել: Երբ Ամն-ում էի հնարավոր չէր վերադառնալ: Այլ մարդկանց համար ոչինչ չեմ կարող ասել: Մարդ կա գալիս է գումար աշխատելու, սովորելու: Լավ կյանքից դեռ ոչ ոք չի հեռացել:

-Հավանաբար նկատել եք, որ երգարվեստում գեղեցիկ երգերը քչացել են: Ամեն մի երիտասարդի կոմպոզիտոր են անվանում, ովքեր իրականում չունեն այդ վաստակը: Ո՞րն է պատճառը գեղեցիկ երգեր, երաժշտություն չունենալու հարցում:

-Բացի այդ, ամեն ջահելի մաեստրո են ասում, որն ինձ սաստիկ բարկացնում է:

Հավանաբար  ամենաթողությունից է: Ես մեղադրում եմ նաև Ձեզ` ժուռնալիստներիդ, հեռուստաժուռնալիստներին, որովհետև կար ժամանակ, որ կարելի էր ամեն ինչ գնել` հոդվածներ, եթերներ, մարդկանց: Եթերում այնպիսի դեմքեր հայտնվեցին, որից հետո ամեն նայողը մտածում էր, որ ինքն էլ կարող է փորձել: Այդ պատճառով հայտվեցին ոչ ճիշտ երգեր, ներկայացումներ: Ես չգիտեմ, թե ով է այս ամենը կանգնեցնելու: 90 ականներից սկսվեց այս խառնաշփոթը:

Գիտեք, ես չեմ սիրում այս թեմայով խոսել, որովհետև կգտնվեն մարդիկ, որ կասեն` տես հեռվից մեզ դատում է, ի՞նչ իրավունքով: Դրա համար ուղղակի ասում եմ` չեմ հավանում, բայց վերլուծությամբ չեմ ուզում զբաղվել: Եթե, ես ապրեի Հայաստանում կմիջամտեի, կփորձեի ինչ որ բան փոխել:

Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ

՞նչ տարբերակներ ունենք ուղղելու, շտկելու իրավիճակը

-Հիմա այդքան էլ տեղեկացված չեմ, թե ինչ է կատարվում էստրադայում: Երբեմն սոցիալական ցանցում տեսնում եմ տեսահոլովակներ, որոնցից ոչ բոլորն եմ հավանում: Գիտեմ, որ քննադատություններ կան: Բայց այս ամենին ընդհանուր կարգավորում է անհրաժեշտ: Ես հասկանում եմ այն լրագրողներին, ովքեր այդ անտաղանդների PR –ով են զբաղված , մարդիկ գումար են աշխատում:

Ի վերջո, մեր ազգը հիմար չէ և շատ լավ տարբերում է վատը լավից, պարզապես, եթե մարդուն անընդհատ թեթև, նույն սնունդը տաս նա ուղղակի կսովորի ու էլ ոչինչ  չի ուզի: Կարծում եմ պետք է ուշադրություն դարձնել դասական երաժշտությանը: Մեր ազգը հեռացել է դասական երաժշտությունից, կար ժամանակ, երբ դասական երաժշտություն ավելի շատ էին լսում: Ուրախ եմ, որ գուսական արվեստն է առաջ է գնում, անգամ երիտասարդներն են լսում: Լավ կլիներ, որ դասականին էլ ուշադրություն դարձնեին ու քարոզեին այն: Համենայն դեպս, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է գտնի իր երաժշտությունը, այն ինչ հոգեհարազատ է  իրեն :

Էռնա Յուզբաշյանը դստեր հետ

Հ.Գ. ‹‹ Գյումրիում եղել եմ 1987 –ին : Անգամ չեմ պատկերացնում, թե ինչպիսին է Գյումրին հիմա: Հետևում եմ  նորություններին, գիտեմ, որ կենտրոնը վերանորոգված է : Իմ երազանքներից մեկն է Գյումրի գալ բարեգործական համերգով:  Առհասարակ, երազանք ունեմ Հայաստանի շրջաններում համերգաշար ունենալ, բայց, ցավոք սրտի կազմակերպիչներ, հրավիրողներ չկան…

 Ինձ համար գյումրեցիների հետ հանդիպումը շատ ցանկալի է: Եւ տա Աստված, որ իմ գալը մի օր ստացվի: Շատ կուզենայի հանդիպել գյումրեցի իմ ընկերներին, որոնց հետ կապը կորցրել եմ:

 Ես ԱՄՆ-ում էի արդեն, երբ այդ սարսափելի արհավիրքը եղավ: Խորը ցավ եմ ապրել…1989թ.-ին Ամն-ում ես հայ երիտասարդների հանդիպեցի, ովքեր եկել էին այստեղ բժշկական և հոգեբանական բուժման համար: Ես հիշում եմ, որ  բարեգործական համերգ ենք կազմակերպել: Նյու Ջերսիից մենք ինչով կարողացանք օգնություն ուղարկեցինք:

 Գյումրու բնակիչները հատուկ մարդիկ են` տաղանդավոր արվեստագետներ, մարզիկներ, երաժիշտներ:  Ուզում եմ, որ մարդիկ այնտեղ լավ ապրեն:

Շատ կուզեի, որ համահայկական դրամահավաք լիներ աղետի գոտու համար, լավացնեին այդ մարդկանց ապրելու պայմանները: Ես քաղաքականությունից ինձ հեռու եմ պահում, ես արվեստի մարդ եմ, բայց կարծում եմ, որ եթե որոշ  օլիգարխներ այդքան ռեստորաններ ու ակումբներ կառուցելու փոխարեն ինչ որ գումար տրամադրեին և աշխատատեղով ապահովեին մարդկանց, ապա այսչափ արտագաղթ չէր լինի…››:

 Հ.գ. Հարցազրույցը արված է եղել Գյումրիի ‹‹Շրջապատ›› շաբաթաթերթի համար

        

                                                                                                                                                                                                                                                                        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել