Իրանի միջուկային ծրագրի շուրջ վարվող բանակցությունների արդյունքից է կախված ոչ միայն այդ երկրի հանդեպ ամերիկյան ու, առհասարակ, արևմտյան պատժամիջոցների վերացման վերաբերյալ որոշման կայացումը, այլև Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում զանազան հակոտնյա ուժերի ապագա դասավորությունն ու հարաբերակցությունը: ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունների կարգավորումից անմիջականորեն չի բխելու վերջինիս ներքին կյանքի՝ կրոնապետությունից դեպի աշխարհիկ, արևմտյան պատկերացումներին համապատասխանող ազատական կառավարման համակարգի աստիճանական անցումը: Ընդհակառակը՝ առնվազն առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանում կրոնապետության պահպանումն ուղղակիորեն բխում է ԱՄՆ-ի ռազմավարական շահերից: Իրանի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքի փոփոխությունը որոշակիորեն կհավասարեցնի նաև այդ երկրի ու Թուրքիայի հնարավորությունները, ինչը մի կողմից կարող է խթանել նրանց միջև մրցակցությունը արևմտյան բարեհաճության առարկայական պարգևները ստանալու համար, իսկ մյուս կողմից՝ կզրկի Ռուսաստանին Իրանի հետ ռազմավարական համագործակցություն ծավալելու հեռանկարից: Թեև շատ է խոսվում ռուս-թուրքական հնարավոր դաշինքի մասին, սակայն գոնե այս պահին ՌԴ ու Թուրքիայի միջև ռազմաքաղաքական մերձեցումը կարող է լինել միայն կարճաժամկետ-մարտավարական: Թուրքիան ԽՍՀՄ փլուզումից հետո շատ բան է արել նախկինում Օսմանյան Կայսրության ենթակայության տակ եղած և ապա Ռուսաստանյան Կայսրության կողմից զավթված տարածքներում թուրքական, առայժմ խաղաղ, ներկայությունը վերականգնելու համար, ու խոսքը միայն Աջարիայի, Աբխազիայի կամ Ղրիմի մասին չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել