Ես շատ հաճախ եմ քննադատում մեր ԶԼՄ-ներին, բայց այս անգամ շատերն իրենց շատ բարձր մակարդակի վրա պահեցին, լավ հասկանալով՝ ինչ է պետությւոնը, ինչ է բանակը, ով է զինվորը, ինչը պետք է գրել, իսկ ինչն ատամները սղմած պետք է մինչև վերջ քո մեջ պահես, մինչև պաշտոնական տեղեկատվության հայտնվելը:

Գիտեմ շատ բարդ է, տիրապետելով որոշ տեղեկատվության, չգայթակղվել ու չտեղադրել այն առաջինը քո կայքում: Բայց ապրեն բոլորը, ովքեր կարողացան իրեն զսպել:

Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ովքեր հասկանում են, որ այսպիսի իրավիճակներում օպերատիվությունը պետք է տեղը զիջի ճշգրտությանը:

Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ովքեր ուղղաթիռի խոցման տեսանյութը չտեղադրեցին իրենց մոտ՝ հարգելով մեր զոհված օդաչուների ընտանիքներին:

Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ովքեր չարտատպեցին ադրբեջանական կայքերից դեպի հայկական դաշտ գնացող տեղեկատվական տարափը, ովքեր իրենք իրենց այնքան են հարգում, որ նույնիսկ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը, իրենց պետության շահերի դեմ չգնացին:

Ապրեն այն կայքերի խմբագիրներն ու լրագրողները, ովքեր տարբերում են լրագրությունը ռեյտինգամոլությունից, ովքեր հանուն քլիկի չեն գնում նրան, ինչին պատրաստ են գնալ Ծերեթելիի վրա կանգնողների աշխարհայացք ունեցող որոշ վայ-կայքերը:

Եվ, իհարկե, ապրեն այն տղերքը, ովքեր այս մի քանի գիշեր, քունը կորցրած, ամբողջ սահմանի երկայնքով և ուղղաթռի անկման վայրում փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել