25 տարիների ընթացքում կոտրեցին մարդկանց մեջ հույսն ու հավատը: Ստիպեցին մարդկանց ատել իրար. ստախոսություն, ատելություն, անտարբերություն, չկամություն, խաբեություն, սպանություն, էլ ինչ ասես, որ չներարկեցին այդ լրբի վաստակներն ազգի երակների մեջ: Մեր ժողովուրդը գթասիրտ ու բարի, խունկ ու հավատ սիրող ժողովուրդ էր, կամեցող, հասնող հարևանին, բարեկամին, ընկերների ցավով ապրող մի ազգ, որն իր կյանքը կառուցել էր հույսի, հավատի և սիրո վրա: 25 տարիներն ազգի համար դարձան դարերով նմանը չունեցող մի ժամանակ, ու ազգի մեջ ատելությունը վերածվեց համազգային մի մեծ չարիքի, որն էլ օրեցօր մեծանալով՝ դարձել է մի պայթող ռումբ: Բայց ամենավատն այն է, որ մեր ժողովուրդը մեկը մեկին չի սիրում, և այդ ատելությունը կործանում է բոլորիս: Իշխանությունները հասան նրան, որ ազգը դադարի ազգ լինելուց և վերածվելով ամբոխի՝ իրար ուտեն իրենց իսկ ստեղծած պայմաններից: Լավ, բա մեր աչքերն ու՞ր են, ինչու՞ ենք հանդուրժում։ Ինչու՞ չենք սիրում մեր ընտանիքներին ու երեխաներին։ Ինչու՞ ենք դարձել հավատափոխ, ու՞մ ջրաղացին ենք ջուր լցում և դրանով իսկ մեր սեփական ձեռքերով սպանում ենք մեզ, մեր ապագան և դարձել ենք ստրուկ սեփական երկրում:
Դարձել ենք ծիծաղի առարկա, արհամարհված քայլող մարդուկներ, որոնց հեշտ ու հանգիստ նախիրի պես որ կողմ ասես քշում են, և մինչև ու՞ր այսպես. ձեզ ինքներդ հարց տվե՞լ եք: Մի՞թե չենք ուզում ապրել, եթե այդպես է, ուրեմն կյանքը մեզ համար չէ, լավ է մեռնել, քան թե չպայքարել մարդ մնալու համար: Մեզ ազգովի այնքան են ցածրացել ու ստորացել, որ այլևս տեղ չկա իջնելու՝ կամ մահ, կամ ազատ ու նորմալ ապրելակերպ: Հոգնել ենք գրել ու ասելուց, հավատացնում եմ բոլորիդ, որ ինձ հազիվ եմ զսպում, թե չէ մի լավ հայհոյանք կտայի մեր ժողովրդին՝ իր իսկ ճակատագրի անտարբերության համար: Հայաստանում չկա պետական մեխանիզմ և մտածողություն, պետություն այդպիսին գոյություն չունի, կան մի խումբ ավազակներ, որոնք, ռուսի կողմից հովանավորված, բռնազավթել ու ծծում են ազգի արյունը: Եվ անպատիժ մնալով՝ անում են ամեն ինչ, ուրեմն մենք ազգովի չկանք այնքան, որ այդ հանցագործ ավազակներից ազատվենք: Դե ի՞նչ ասեմ, որ չի ասվել ու խոսվել շատերի կողմից. մեկ է՝ բան չի փոխվում, ես հասկացա, որ մեր ազգը մեռնել է ուզում, էլ բան չկա ասելու, մեռեք, եթե այդպես եք որոշել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել