Ամեն մի տնտեսվարող յուրովի է թանկացումներ կիրառում իր արտադրության մեջ: Մեկը խմորեղենի տուփի մեջ հատաքանակն է պակասեցնում՝ գինն անփոփոխ թողնելով, մեկը կաթնասերի տուփն է կիսով չափ լցնում՝ հույսը դնելով սպառողի վատատեսության վրա, մեկը փուչ հացեր է արտադրում՝ քաշն ու ծավալը պակասեցնելով ու գինն անփոփոխ թողնելով: Դե ձվի գնից խոսելն արդեն անիմաստ է. ձու արտադրողները, սունդուկյանաբար ասած, «հոգին դրել են գրպանը, խիղճն էլ՝ երկաթե սունդուկը» ու դուռը պինդ փակել: Տեր չկա, տիրական չկա, ինչ գին ուզում՝ «կրակում են», սպառողների վրա մի լավ ծիծաղելով ու շարքային սպառողի վերջին «լումաները» քամելով: «Մալլադեց»: Մինչև սպառողների տարբեր միություններ ձվի թանկացումից խոսելու «դաբրո» ստանան, մինչև Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովն իր հեղինակային խոսքն ասի՝ թանկացումից երկու ամիս անց, մինչև «Սուր անկյունը» հետաքննություն անի, նրանք մի լա՜վ կկլպեն ժողովրդին, հավելյալ շահույթների շնորհիվ ավելի կհարստանան  (ժողովրդի աղքատացման հաշվին), ու եթե մի քանի ամիս անց, ծայրահեղ դեպքում, տուգանվեն (եթե գործին խառնվելու իրավունք ունենա ՏՄՊՊՀ-ն), դարդ էլ չեն անի, քանի որ մի լա՜վ հարստացած կլինեն, ու մի-երկու «կոպեկն» ի՞նչ է, որ բյուջեին չշպրտեն, կամ էլ՝ չեն էլ «մուծվի» ու մի քանի ամիս էլ կձգձգեն՝ որոշումը բողոքարկելով, մինչև էլի հարստանան, ու կամ որոշում կայացնողին «կմուծվեն», կամ արդեն հավելյալ շահույթն այնքան շատ կլինի, որ աչքներին չի էլ գա տուգանքը: Այ սա է իսկական «համահայկական մարաթոնը»՝ ձվի շուկայում, որ արդեն քանի տարի է՝ շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել