Պարը ոչ միայն  հաճելի ֆիզիկական զբաղմունք ու ինքնարտահայտման արտիստիկ միջոց է, այլև օգտակար է ուղեղի աշխատանքի համար։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ բացի ֆիզիկական մարզումներից, այն լավացնում է ուղեղի ճանաչողական ֆունկցիան։ Անկախ նրանից՝ պրոֆեսիոնալ պարող ես, թե պարզապես սիրում ես ընկերների հետ պարելու գնալ, այն միտքդ ավելի ճկուն կդարձնի, կնվազեցնի սթրեսն ու դեմենցիայի ձեռքբերման հավանականությունը։



Պարը զարգացնում է ուղեղը։ Պարը լավացնում է ուղեղի ճանաչողական ֆունկցիան ու ուղեղը նախապատրաստում սովորելուն։ Այն լավացնում է արյան շրջանառությունը, որի արդյունքում ուղեղը սնուցվում է գլյուկոզայով ու թթվածնով, որոնց կարիքն այն ունի լավ աշխատանքի համար։ Վերջերս հրապարակված հետազոտության համաձայն՝ պարն ակտիվացնում է ուղեղի որոշակի հատվածներ՝ լավացնելով դրանց աշխատանքը։

Պարը նվազեցնում է  դեմենցիա ձեռքբերելու հավանականություը։ Նյու Յորքի Էնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականներն իրենց հետազոտության մեջ նշել են, որ պարը ոչ միայն ուղեղն ավելի ճկուն է դարձնում, այլև նվազեցնում է դեմենցիա ձեռք բերելու հավանականությունը։ Գիտնականները հետազոտել են 75 և դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց՝ պարզելու համար, թե ինչպես են ժամանցային զբաղմունքներն ազդում մտավոր ծերացման վրա։ Նրանք պարզել են, որ այլ տեսակի ֆիզիկական ու մտավոր զբաղմունքների համեմատությամբ, պարով զբաղվողների 76%-ը դեմենցիա ձեռք բերելու ավելի պակաս նշաններ են ցույց տվել։

Պարը նվազեցնում է սթրեսն ու դեպրեսիան։ Ինչպես ֆիզիկական այլ զբաղմունքները, պարը նույնպես ուղեղում բարձրացնում է սերոտոնինի ու էնդորֆինի մակարդակը։ Սրանք քիմիական կարևոր նյութեր են, որոնք բարձրացնում են տրամադրությունն ու էներգիան։ Երբ պարում ես, օրգանիզմը բնական ճանապարհով արտազատում է այս նյութերը՝ հանելով սթրեսն ու դեպրեսիան։
 
Այնպես որ, պարով զբաղվեք ու հետևեք թե՛ ձեր ֆիզիկական, թե՛ մտավոր առողջությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել