Հայկական վաճառակետերում արդեն կարող ենք տեսնել ադրբեջանական «Ազերչայ» թեյը:
Փաստորեն, Ադրբեջանի լկտի պահվածքին համարժեք պատասխան տալու և հնարավորին չափով նրանց տնտեսությունը կաթվածահար անելու փոխարեն, սկսել ենք զարկ տալ նրանց արտադրանքի իրացմանը շուկայում, այն էլ հայկական: Քանի որ Ադրբեջանն իր հնա-ի մեծ մասն օգտագործում է բանակն սպառազինելու վրա, պարզ է դառնում, որ հայկական շուկա ներմուծվող թեյի շահույթի մի մասը, անկասկած, կգնա ադրբեջանական բանակն սպառազինելու «սրբազան» գործին, այսինքն՝ մենք մեր ձեռքով փորում ենք մեր գերեզմանը: Մենք մեր իսկ կատարած տգետ մարդուն վայել քայլերով մեր զինվորներին մահ ենք առաքում, այս դեպքում «առաքիչները» ադրբեջանցի դիպուկահարներն  են ու հերթական ուղղաթիռ խփող «քամանդիները»:
Եթե հայկական որևէ ապրանքանիշ հայտնվեր ադրբեջանական շուկայում, ապա, անկասկած, ներկրողը կդատապարտվեր ազգային դավաճանության համար:

Քանի որ Հայաստանն Ադրբեջանը չէ, և ոչ էլ հայերն են ազերիներ, ապա այստեղ խնդրի լուծումը կարող է լինել դյուրին ու պետք է հեռու լինի հասարակ վաճառականին որպես ազգային դավաճան համարելուց ու դատապարտելուց, պարզապես մեր առևտրի նախարարությունն այսուհետ պետք է սկսի գործել որպես առևտրի նախարարություն և արգելի նմանօրինակ արտադրանքի՝ մեր երկիր ներմուծումը:

Չսպանենք մեր զինվորներին մեր իսկ միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել