Tert.am-ը գրում է․

Կա հավանականություն, որ Ռուսաստանում արտարժույթի դեֆիցիտի, իսկ շատ դեպքերում` այն ձեռք բերելու ուղղակի անհնարինության պատճառով, որոշակի, բայց փոքր քանակությամբ արտարժույթ Հայաստանից գնում է Ռուսաստան, և դա կարող է էականորեն ազդել այստեղ՝ Հայաստանում ձևավորվող արտարժույթի կուրսի վրա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե Ռուսաստանը կարո՞ղ է Հայաստանը դիտարկել որպես մի աղբյուր, որտեղ դոլարը ավելի էժան է, քան իրենց մոտ:

«Բացի էժան լինելը, Ռուսաստանում արտարժույթ ձեռք բերելը դժվար է, առանձին դեպքերում՝ անհնար: Եվ այդ առումով չի բացառվում, թեկուզ ոչ մեծ ծավալներով, քանի որ Հայաստանի տնտեսությունն այնպիսին չէ, որ նման մեծ գումարների շրջանառության մասին խոսք լինի, բայց ինչ-որ քանակության Ռուսաստան գնալու հավանականությունը մեծ է »,-ասաց Վահագն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ «արտարժույթ» ասելով նա նկատի ունի ինչպես ԱՄՆ դոլարը, այնպես էլ եվրոն ու մյուս արտարժույթները:

Երեկ արտարժույթի փոխանակման կետերում մեկ դոլարը վաճառվում էր 419 կամ 419.5 դրամով: Եվ, ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակը», ամենակարևորն այն է, որ չնայած բանկերը պատրաստ են եղել մեկ դոլարը գնել 416.5 դրամով, բայց ոչ ոք այն վաճառելու ցանկություն չի հայտնել, և գործարքներ չեն կայացել:

Ռուսաստանաբնակ հայերի կազմակերպած կապիտալի արտահոսքը (առաջարկ-պահանջարկի մեխանիզմով՝ դոլարի գինը բարձրանում է, քանի որ մեծանում է առաջարկը այլ երկրից), ըստ Վահագն Խաչատրյանի, կարող է լինել դոլարի արժևորման պատճառներից մեկը, բայց ոչ հիմնականը: Իսկ դրանք են՝ տնտեսության աճի, արտահանման տեմպերի նվազում, մի խոսքով, տնտեսության մեջ ոչ դրական միտումներ:

Վահագն Խաչատրյանի ամփոփմամբ՝ այս առումով վիճակը փոքր-ինչ կարող են բարելավել, արտաքին պարտքի հետ կապված, գումարների՝ վարկերի մուտքը Հայաստան:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս կապիտալի արտահոսքի գործոն տեսնում է, բայց շատ փոքր ծավալներով ու շատ քիչ ժամանակահատվածի համար և տնտեսության ընդհանուր շրջանառության համար ոչ որոշիչ:

«Նրանք առանձին են ինտերվենցիա անում, մերոնք՝ առանձին կուրսերի համապատասխանություն ստեղծելու համար, և խոշոր առումով արտարժույթը մի տեղից մյուս տեղ փախնել չի կարող: Կարող է՝ նման բան որոշ դեպքերում, բայց դա շատ արագորեն կմարվի: Սա ժամերի խնդիր կարող է լինել ու խոշոր ծավալների կտրվածքով չի կարող ունենալ նշանակություն: Ամենակարևորն այն է, որ տվյալ երկրի արժույթը, տվյալ դեպքում՝ Հայաստանի դրամը և Ռուսաստանի ռուբլին արդեն իրենք իրենց միջոցներով ավելի կայուն արտարժույթի նկատմամբ վերաբերմունքը՝ ի դեմս կուրսի մակարդակի, դրսևորել են»,-ասաց նա։

Այնպես որ, Վարդան Բոստանջյանը ասում է, որ «Ռուսաստանը հո ախմախ չի՞», որ մտածի «թե Հայաստանի հաշվին ներհոսք (նկատի ունի մեծ ծավալները) ապահովենք»։ Մանավանդ, որ ԱՄՆ դոլարը Հայաստանի արժույթը չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել