Tert.am-ը գրում է․

Tert.am-ը «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ զրուցեց 12 կետերի շուրջ ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին ու հարցին, թե եռյակն ինչու հրաժարվեց իշխանության հետ բանակցություններից, պատասխանեց. «Կարծում եմ, որ եռյակի ներսում կա անհամաձայնություն իշխանության հետ երկխոսել-չերկխոսելու խնդրով և դա չափազանց տեսանելի էր Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթների հակադրությունից»:

-Պարոն Սաֆարյան, ինչո՞ւ եռյակն, այնուամենայնիվ, հրաժարվեց 12 կետերի շուրջ իշխանության հետ բանակցություններից ՝ ասելով, որ դրանց կատարման ժամանակն անցել է: Եվ ինչպես հայտնի անեկդոտում՝ գնացել էին Գալուստ Սահակյանի մոտ ասելու, որ եկել ենք ասենք, որ մեզ վրա հույս չդնեք, չնայած նախկին մի քանի օրերին նման բաց տեքստով չէր մերժվում։

-Կարծում եմ, որ եռյակի ներսում կա անհամաձայնություն իշխանության հետ երկխոսել-չերկխոսելու խնդրով, և դա չափազանց տեսանելի էր Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի ելույթների հակադրությունից: Եթե Տեր-Պետրոսյանն ասում էր, որ որևէ պահանջ չեն ներկայացնելու այլևս իշխանությանը, որևէ ժամկետ չեն սահմանելու և իշխանությունից որևէ ակնկալիք չունեն, ապա Գագիկ Ծառուկյանի ելույթը ճիշտ հակառակի մասին էր, որ, այնուամենայնիվ, շարունակվելու է իշխանությանը տարբեր խնդիրների լուծումը պարտադրելը և որ իշխանափոխության խնդիր կդրվի, եթե իշխանությունը բարեխղճորեն չարձագանքի իրենց պահանջ-առաջարկներին:

Դրանից հետո կար եռյակի խորհրդարանական ձևաչափի արձագանքը, որը ոչ թե ուղղակի կամ բաց մերժում է երկխոսությունը, այլ ասում է՝ կերկխոսենք մեր նախապայմանների բավարարման դեպքում, որը տվյալ դեպքում համամասնական ընտրակարգի անցնելու հարցն էր: Կարծում եմ՝ սա ուղղակի դարձել է եռյակի ներսում, այսպես ասեմ, ստեղծված այդ հակասությունը հարթելու ձև, որը մի կողմից թույլ չի տալիս երկխոսել իշխանության հետ, մյուս կողմից՝ նախապայման է դնում և փաստացի չի բացառում նախապայմանի բավարարման դեպքում երկխոսություն մնացած կետերի շուրջ: Սա, ես կարծում եմ, առավելապես եռյակի ներսում ծագած լարումը վերացնելու քայլ է և, իհարկե, այն արդյունքում բերում է իշխանության առաջարկի մերժում, բայց նաև մյուս կողմից թույլ է տալիս փրկել եռյակի դեմքը , որովհետև նման հակասությունից հետո եռյակը կամ պետք է լուծարվեր, կամ պետք է գտներ որևէ դիրքորոշում, որը մասնակիորեն բավարարեր դրան մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները, ինչը և արվել է: Եվ հետևաբար, կարող է ենթադրել, որ եռյակը, ըստ էության, ոչ կարողանում է շարունակել հանրահավաքային պայքարը, ոչ էլ փաստացի մտնում է իշխանության հետ երկխոսության դաշտ:

Այն պատճառով, որ կարելի է ենթադրել, որ իշխանությունը չի բավարարելու համամասնական ընտրակարգին անցնելու այդ պահանջ-նախապայմանը: Հետևաբար, կարող ենք ասել, որ առաջիկայում կունենանք հենց այդ իրավիճակը. երկխոսության բացակայություն, բայց նաև՝ քաղաքական ակտիվության բացակայություն, հրապարակային բողոքի ակցիաների բացակայություն՝ թե՛ եղանակային պատճառներով, թե՛ եռյակի ներսում ծագած խնդիրների պատճառով, որոնք սրանով չեն ավարտվում: Ի վերջո, կա նաև հեռահար գործողությունների շուրջ տեսանելի տարաձայնություն, որը դրսևորվեց ՀԱԿ-ԲՀԿ հայտարարությունների փոխանակմամբ և, հետևաբար, այսպես կավարտվի այս տարին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել