Այսօր գնացել էի Cinema Star ու նորից ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ ֆիլմից առաջ ցուցադրվող գովազդային հոլովակներն ինձ ահավոր նյարդայնացնում են... Տրամաբանությունը հետևյալն է. երբ դու դիտում ես ֆիլմը հեռուստատեսության եթերում, հասկանում ես, որ այդ ֆիլմը գնվել է և պետք է համապատասխան գումար բերի, որպեսզի հետո էլ կարողանան ֆիլմեր գնել և ցուցադրել, այդ գումարը հեռուստաալիքները ստանում են գովազդից և դիտելով այդ գովազդը՝ դու որոշակի իմաստով վճարում ես այդ ֆիլմի դիմաց: Նույնը համացանցում՝ տարբեր տեսակի գովազդներ կարելի է տեսնել բոլոր այն կայքերում, որոնք հնարավորություն են տալիս ֆիլմեր դիտել, այդ կայքերի միակ եկամտի աղբյուրը գովազդն է: Իսկ ի՞նչ է կատարվում կինոթատրոնում: Ես վճարում եմ գումար, որպեսզի դիտեմ ֆիլմը, բայց միևնույն ժամանակ ինձ ստիպում են դիտել գովազդային հոլովակներ.. Ստացվում է, որ կրկնակի եմ վճարում: Տրամաբանական կլիներ, եթե կինոսեանսները երկու տեսակի լինեին՝ գովազդով և առանց գովազդ, բնականաբար, գովազդով սեանսը պետք է լիներ, ասենք 30% ավելի մատչելի, քանի որ դու ինչ-որ չափով վճարում ես ֆիլմի համար՝ այդ գովազդը դիտելով և օգնելով կինոթատրոնին վաճառել այդ գովազդը: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր, պարզապես անթույլատրելի է, ես վճարել եմ ֆիլմի համար և չեմ ուզում դիտել ոչ մի գովազդ, կարծում եմ՝ դրա իրավունքն ունեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել