Եվրո-2016-ի ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո, բնականաբար, քննարկումների և տարակարծությունների պակաս չկար ֆուտբոլասերների և մասնագետների կողմից, սակայն ամեն դեպքում մեզ համար չափազանց կարևոր էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիտարկումներն ու կարծիքն այս խաղի վերաբերյալ: Նախևառաջ, ուշադրության է արժանի այն փաստը, որ պարոն Հայրապետյանը կոնկրետ նշեց, որ մեր մարզչի գրանցած արդյունքներից գոհ չէ և հետագա խաղերի համար կոնկրետ պահանջներ են լինելու, ինչը նշանակում է, որ մեզ առաջիկա հանդիպումներում այլևս սխալվելու իրավունք տրված չէ: Սա նշանակում է, որ գոնե տնային հանդիպումներում մեր հավաքականը պետք է մտածի միայն երեք միավորի մասին: Այս դեպքում առաջնային պլան է մղվում երկրպագուների աջակցությունը, որը մեզ իսկապես շատ կօգնի և այս պարագայում հարց է առաջանում՝ հնարավո՞ր է արդյոք Հանրապետականի փոխարեն խաղերն անցկացվեն Հրազդան մարզադաշտում՝ տոմսերի մի փոքր իջեցված արժեքով: Ըստ տրամաբանության՝ այս պարագայում ավելի ցածր գնով ավելի շատ հանդիսականներ հնարավորություն կստանան ձեռք բերել հանդիպման տոմսեր: Ամեն դեպքում այս տարբերակը թվում է իրատեսական: Ինչ վերաբերում է պորտուգալացիների դրսևորած պահվածքին՝ Հայաստանի հավաքականին մարզադաշտ չտրամադրելու կամ ժամանակին մարզադաշտ չտեղափոխելու առումով, ապա այդ ամենին մենք կպատասխանենք մեր խաղով՝ մեր հարկի տակ: Կարծում եմ՝ չի մոռացվել Հայաստան-Բուլղարիա խաղի պատասխանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել