ՄԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը երբեք չի երդվել, որ հավերժ կլինի Հայաստանի հետ, և, ուրեմն, երդմնազանց չի լինում՝ Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելով:
Անշուշտ, երդումը քաղաքական կատեգորիա չէ, բայց բարոյական տեսակետից էլ Ռուսաստանը ազնիվ է, որովհետև այդ միայն Հայաստանն է, որ պատեհ-անպատեհ ու կամավոր հիմունքներով երդվում է հավերժորեն լինել Ռուսաստանի հետ: Իսկ Ռուսաստանն ընդամենը բարյացակամորեն (եթե պնդում եք, համարեք՝ բարեկամաբար) ընդունում է ի գիտություն կպչուն հավաստիացումներն առ այն, որ առանց Ռուսաստանի Հայաստանի գոյությունը համարյա անիմաստ է:
Իսկ մեծ երկրները չեն կարող յոլա գնալ մեկ դաշնակից ունենալով: Տրամաբանությունը կարծես թե հուշում է, որ փոքր երկրներին առավել ևս հակացուցված է ապավինել մեն-միակ երկրի բարյացակամությանը, հատկապես, որ այդ ինքնակամ դատապարտվածությունը միշտ հղի է վտանգով, որ սեփական երկրի շահերը կփորձես նույնացնել այդ երկրի շահերի հետ միակողմանիորեն: Եվ ամեն անգամ, օ, սարսափ, կպարզվի, որ դաշնակիցը մտածում է այլ կերպ: Որ Ռուսաստանը, օրինակ, Հայաստանի ազգային շահերին զուգահեռ կամ Հայաստանի շահերից զատ, կամ հակառակ դրան՝ իր ազգային շահը ունի: Ճիշտ է, հայերը համոզված են, որ Ռուսաստանն իր ազգային շահը չի գիտակցում, չնայած այդպես «անգիտակից» քանի հարյուրամյակ գոյատևում է և կարծես թե` ոչինչ: Բայց հայերը հույսները չեն կորցնում: Պարզապես Պուտինն էլ չգիտակցեց և «առաջին գիշերվա» նախապատվությունը տվեց անցած 100 տարում 2 անգամ հայերի ջարդ տեսած Բաքու քաղաքին:
Հայերը թունդ են նեղացել, բայց բանը չի հասնի հիասթափվելուն, որովհետև մեկից հիասթափվել կարելի է մեկ անգամ: Լավ՝ երկու անգամ: Բայց պատմական այնպիսի կարճ ժամանակահատվածում, ինչպիսին 150 տարին է, երբ հիասթափությանը մոտ ապրումներ ես ունենում մեկ տասնյակից ավելի անգամներ, դժվար թե տրամաբանական լինի դա կոչել հիասթափություն:
Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:
Բայց մենք, ըստ երևույթին, էլի պատրաստ չենք հիասթափվելու և ընդամենը նեղացած ենք Ռուսաստանից՝ որպես հարազատից: Մոտիկից: Միակից:
Այսպես, ճարահատյալ նեղանում է բազմազավակ կինը դավաճանությունից՝ ամուսնու կամ մեկի, ում ամուսին է համարում՝ քմահաճորեն:
Եվ Հայաստանը նեղացած է Մոսկվայի նախընտրությունից: Այնինչ, մի քանի հազար տարի Արևելքում գտնվելով, մի քանի հարյուր տարի կապված լինելով Ռուսաստանի հետ, Հայաստանը պիտի որ հասկացած լիներ, որ հարեմում նեղանալ չկա նախապատվությունը տալուց, և որ տերը նախապատվության հարցում չի առաջնորդվում նվիրվածության չափով, որովհետև չի հասկանում՝ ինչ բան է սեփականության նվիրվածություն: Սեփականության հատկանիշը չէ՞, որ պատկանելությունն է, ոչ թե զգացմունքն ու դատողությունը:
Եվ առհասարակ սերն անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:
Վանո Սիրադեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել