Ասում են՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան հրամանատարներն իրենց ավտոմեքենաների մեծ մասը ստանում են Բուլղարիայից: Ըստ բուլղարական լրատվամիջոցների հաղորդումների՝ ամեն ամիս այդ երկրից թվով 4-8 «լյուքս» դասի առևանգված ավտոմեքենաներ Թուրքիայի տարածքով հասցվում են Մերձավոր Արևելքի պետություններ:
Առավել հաճախ մեքենաները, արաբ մաքսանենգների աջակցությամբ, ուղարկվում են Սիրիա, Իրաք և Լիբանան, քանի որ այդ երկրների և Բուլղարիայի միջև առկա չէ իրավական և ոստիկանական ոլորտներում համագործակցություն:
Միայն 2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում Բուլղարիայի ճանապարհներից առևանգվել է 2598 ավտոմեքենա, որոնց մեծ մասը դուրս է բերվել երկրից: Իսկ գործողությունը հիմնականում իրականացվում է հետևյալ եղանակով՝ մաքսանենգները վարձակալում են թանկարժեք ավտոմեքենաներն, ապա տուրիստական ճանապարհորդության անվան տակ դուրս են բերում դրանք երկրից և այլևս չեն վերադարձնում:
Փաստորեն, ևս մեկ անգամ հաստատվում է այն իրողությունը, որ ցանկացած սահմանափակում ընձեռում է նաև հնարավորություններ: Որքան էլ միջազգային հանրությունը տարաբնույթ միջոցներով փորձում է մեկուսացնել, շրջափակել ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող տարածքները, հարվածել կառույցի ենթակառուցվաքներին, այնուամենայնիվ, առարկայական արդյունքներ արձանագրելը բավականաչափ բարդ է: Մանավորապես՝ Մերձավոր արևելյան վերոնշյալ 3 պետությունների առանձին շրջաններում և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ վերջին մի քանի տարիների ընթացում ստեղծված հարաբերական անիշխանությունը լայն հնարավորություններ է ստեղծում տարաբնույթ հանցավոր խմբավորումների համար շահավետ գործունեություն ծավալելու հարցում՝ հատկապես զարկ տալով առավել լայն պահանջարկ վայելող այնպիսի արժեքավոր ապրանքատեսակների առևտրին, ինչպիսիք են՝ զենք-զինամթերքը, տրանսպորտային միջոցները, էներգակիրները, արվեստի և պատմամշակութային բարձրարժեք առարկաները, դեղորայքը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել