Tert.am-ը գրում է․

Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը գտնում է, որ իշխանափոխություն ցանկացող մարդկանց զանգվածն իսկապես հիասթափվելու է, որովհետև դրա համար պետք է ռեսուրսներ ունենալ, որոնք այսօր բավարար չեն, իսկ հիմնական ուժերը, որոնք կարող են իշխանափոխություն անել, դրան պատրաստ չեն: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով եռյակի քաղաքական ուժերի նպատակներին՝ նա ասաց, որ ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին միավորում է աշխատանքի տեղավորման հարցը, և ՀԱԿ-ը ցանկանում է տեղավորվել աշխատանքի և ԲՀԿ-ի ռեսուրսները օգտագործելով` կարող է ավելի բարձր կարգավիճակ ստանալ իշխանությունում: Չնայած դրան` նա նշեց, որ ՀԱԿ-ում, ԲՀԿ-ում կան այնպիսի ուժեր, որոնք իշխանափոխությունը ինքնանպատակ չեն համարում:

- Նախագահն առաջարկել է նորից քննարկել ընդդիմության ներկայացրած 12 կետերը, ըստ Ձեզ`դա ի՞նչ միտում է իր մեջ պարունակում:

- Ընդդիմության մեջ կան ուժեր, որոնք շտապում են և ցանկանում են հիմա իշխանափոխություն անել: Ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են անարդարությունից, թշվառությունից, առկա խնդիրներից: Հարթակում կանգնածների մեջ էլ կան ուժեր, օրինակ` «Ժառանգությունը», որը գտնում է, թե մեկ օր առաջ է անհրաժեշտ իշխանափոխություն անել: Այդ իմաստով «Ժառանգությունը» հետևողական է: Նրանք հենց սկզբից դեմ են եղել այս իշխանությանը և նրանց համար այսօր իշխանափոխություն անելն արդեն ուշ է` երեկ պետք է լիներ: Սակայն կան ուժեր, որոնց համար իշխանափոխությունը ինքնանպատակ չէ, այսինքն` մարդկանց աշխատանքի տեղավորման խնդիր չի լուծում: Դրանք այն ուժերն են, որոնք ցանկանում են, որ Հայաստանում տեղի ունենա կառուցվածքային, ծրագրային, գաղափարական, տնտեսական, սոցիալական փոփոխություն: Այդպիսի փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է նախապատրաստական լայն աշխատանք և նման մեծ մասշտաբի փոփոխությունների պետք է հասնել համագործակցության միջոցով, որի արդյունքում քրեաօլիգարխիկ համակարգը պետք է հեռացվի, թեև նա միշտ դիմադրելու է:

-Որո՞նք են այդ ուժերը, որոնք ցանկանում են նման իշխանափոխություն:

-Ես կարծում եմ, որ այդպիսիններ ՀԱԿ-ում էլ կան, ԲՀԿ-ում էլ: Այնտեղ անընդհատ խմորումներ են տեղի ունենում: Թեև նրանց այս վերջին հայտարարությունը, որ արտաքին վտանգի դեպքում միասնական են լինելու, հենց դա է ցույց տալիս, որ եթե իրենց կազմակերպած պայքարը, կարող է վտանգել պետության անվտանգությունը, կդադարեցնեն այն:

-Ըստ ձեզ՝ այսօր ի՞նչն է միավորում ՀԱԿ-ին և ԲՀԿ-ին, հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը երկար տարիներ պայքարել է այն իշխանության դեմ, որի մաս է կազմել նաև ԲՀԿ-ն:

-Ես կարծում եմ, որ կա «աշխատանքի» տեղավորվելու հարցը: ՀԱԿ-ը ցանկանում է տեղավորվել աշխատանքի և ԲՀԿ-ի ռեսուրսները օգտագործելով` կարող է ավելի բարձր կարգավիճակ ստանա իշխանությունում:

-Պատգամավորական մանդատները բավարար չէի՞ն:

-Պարզվում է, որ ոչ միայն բավարար չէին քանակով, այլ նաև խարիզմայով: Այսինքն՝ նրանք համոզիչ չեն իրենց վարքագծով:

-Բայց նոր ասում էիք, որ նրանք իշխանափոխությունը ինքնանպատակ չեն համարում և կառուցվածքային, համակարգային, գաղափարական փոփոխություն են ուզում:

-Այո՛, բայց նրանց մեջ` որոշ ուժեր են դա ցանկանում: Քաղաքական ուժերի մեջ բազմակարծություն կա և իրար հակասող հայտարարություններ են լինում, ինչը բնական է:

-Ձեր ասելով ստացվում է, որ իշխանությունների հետ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն կգան իշխանությա՞ն և համակարգային փոփոխություն չի՞ լինի:

-Համակարգային փոփոխություն ենթադրվում է հենց սահմանադրական բարեփոխումները, այդ 12 կետերը: Մենք կանգնած ենք բարեփոխումների շեմին և քաղաքական որոշ ուժեր կարող են իրենց փոփոխությունների ծրագրերն իրականացնել կա՛մ ուժով կա՛մ համագործակցելով: Հիմա կարծում եմ, որ գնացել են համագործակցության ճանապարհով: Սերժ Սարգսյանի տված հանձնարարությունը` 12 կետերը նորից քննարկելու և համաձայնության ելքեր գտնելու առնչությամբ, հենց կոչվում է` բարեփոխումներ էվոլյուցիոն ճանապարհով: Սերժ Սարգսյանը էվոլյուցիայի առաջարկ է արել: Անշուշտ, մենք պետք է հաշվի առնենք, որ այնտեղ կան քաղաքական գործիչներ, որոնց տարիքն արդեն անցնում է, և նրանք ցանկանում են, անպայման, պաշտոն ունենալ` իրենց ծրագրերն իրականացնելու կամ անձնական ամբիցիաները բավարարելու համար:

-Իսկ ի՞նչ կլինի այն զանգվածի հետ, որն իսկապես հիմնավոր իշխանափոխություն է ուզում:

-Նրանք կհիասթափվեն, որովհետև իշխանափոխություն անելու համար պետք է ռեսուրսներ ունենալ, իսկ դրանք բավարար չեն: Պարզվեց, որ հիմնական ուժերը, որոնք կարող են իշխանափոխություն անել, նրանք դրան պատրաստ չեն: Օրինակ` եթե ՀՀԿ-ի ներքին շրջանակները միանային ԲՀԿ-ին, ապա այդ ժամանակ տեղի կունենար իշխանափոխություն: Սակայն ո՛չ ՀՀԿ-ի ներքին շրջանակները, ո՛չ էլ ԲՀԿ-ն պատրաստ չէ դրան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել