Դավիթը պարտադրում է ԵԱՀԿ-ին կատարել իր առաքելություններից ու Հայաստանի հանդեպ պարտավորություններից մեկը Ուշացումով. երեկոյան իմացա, որ իմ հրաշալի ընկեր Դավիթ Սանասարյանը շատ հստակ թիրախով ու պահանջներով բողոքի ակցիա է սկսել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց: Ես միշտ տատանվելու եմ բողոքի այդ ծայրահեղ ձևն ընտրելու հարցում, բայց որ Դավիթը շատ տեղին ու շատ կոնկրետ խնդիր է ուզում լուծել, դրանում մեկ գրամ կասկած չունեմ: Վստահ եմ, որ Դավիթի, նրան սատարող, զորակցող բոլոր մարդկանց ջանքերը կարևոր դեր են խաղալու մեր նահատակ տղաների աճյունները բերելու գործում: Համաձայն չեմ բոլոր նրանց հետ, ովքեր գտնում են, թե ԵԱՀԿ շատ մեծ անելիք չունի: Ցավալիորեն, մեզանից շատերը շատ քիչ բան գիտեն ԵԱՀԿ մեխանիզմների մասին: Անգամ պետական այրերն ամբողջ ծավալով չգիտեն դա, որովհետև երբեք չօգտագործեցին վեճերի խաղաղ լուծման, դեպքերի հետաքննության ու ԵԱՀԿ այլ մեխանիզմները: Դավիթը պարտադրում է ԵԱՀԿ-ին կատարել իր առաքելություններից ու Հայաստանի հանդեպ պարտավորություններից մեկը, այն էլ նման բարդ իրավիճակում ու խնդրով: Ի վերջո, միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը ենթադրում է ոչ միայն մեր երկրի պարտավորություններ նրանց առաջ, այլ նաև հակառակը՝ այդ կառույցների պարտավորություն մեր երկրի ու ժողովրդի առաջ: Եթե մենք մեզ Հայաստանի տեր զգայինք, իմանայինք մեր պետության ինստիտուտները մեր ժողովրդին ծառայեցնելու ձևերը, ապա նույն ձևով տեր կզգայինք նաև այդ կառույցներին ու կստիպեինք նրանց աշխատել մեզ համար: Որեվհետև նրանք հենց դրան էլ կոչված են՝ ծառայելու այդ կառույցները պահող ժողովուրդներին...
Դավիթ ջան, վաղը Դիլիջանից վերադառնալուն պես քո մոտ եմ, եղբայր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել