ՍՈՎՈՐԵ՛Ք ԼԻՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Այսօր տեղի ունեցած մի դեպք եմ ուզում պատմել:
Սկսեմ, սակայն, նախաբանից: Հայտնի է, որ մարդու և մարդկային ցանկացած հավաքական սուբյեկտի հանդեպ օտարների վերաբերմունքը գերազանցապես կախված է նրանից, թե ինչպես է իրեն ընկալում հենց տվյալ սուբյեկտը:
90-ականների կատակլիզմները խիստ բացասական անդրադարձան հայաստանյան հայության ինքնագնահատականի վրա, ինչը հատկապես զգալի էր նոր սերնդի գաղթականների շրջանում: Այդ մարդկանց «վերևից» էին նայում ինչպես նոր բնակության վայրերում, այնպես էլ Հայաստանում եվրոպական և ամերիկյան դեսպանատները: 
Հիմա դառնամ այսօրվա դեպքին: Կանգնած եմ եվրոպական ոչ ամենաառաջատար երկրներից մեկի դեսպանատան մուտքի մոտ: Շուրջս շուրջ 35-40 մարդ է, որոնք նույնպես եկել են՝ ստանալու վիզայի դիմումի պատասխանը: Ի տարբերություն ինձ՝ մեծ մասը գաղթականներ են, այսպես ասած՝ աշխատանքային միգրանտներ: Դուռը փակ է: Կանչել են ժամը 16:00, բայց բոլորս էլ եկել ենք 15 ու անգամ 30 րոպե շուտ: 15:55 ներսի կողմից դռանն է մոտենում միջինից բարձր տարիքի մի տղամարդ՝ հա՛յ, դուռը բացում ու հեգնանքի ու խղճահարության քամահրալից խառնուրդ հիշեցնող ծուռ ժպիտով հարցնում՝ «Է՜ս ինչքան էլ շատ եք եկել, ա՛յ ժողովուրդ»: Ոչ մեկը չընկալեց նրա վիրավորանքը: Ավելին, միջինից բարձր տարիքի մեկ այլ տղամարդ հերթի միջից աղիողորմ տոնով բացականչեց՝ «Բացի՛, ախպե՛րս, բացի՛ մտնենք»: Զգալով, որ պատասխան չի լինելու՝ ինձ բնորոշ հատու առոգանությամբ և տվյալ պարագայում խիստ անհրաժեշտ փողոցային շեշտադրմամբ սաստեցի՝ «Իշքանիս որ կանչել են, ձյա՛ձ, էդքանս էլ եկել ենք, դու արխայի՛ն»: Զգաստացավ: Դրանից հետո ավելի հարգալից էր ժողովրդի հանդեպ:
Ասածս ինչ է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ սկզբունքորեն տարբերությունը քիչ է՝ Ռուսաստան ես գնում, Ֆրանսիա, Չեխիա, թե ԱՄՆ: Գրեթե բոլոր երկրներում ու վերջինիս դեսպանատներում էլ հայ գաղթականներին քամահրանքով են վերաբերվում՝ որպես «երրորդ սոռտի» մարդ: Ու շատ ցավալի էր ինձ համար, որ հայաստանցի մարդն էլ կարող էր «տրվել» այդ հոսանքին: Ու էլ չեմ ասում, թե ինչքան ցավալի էր, որ ոչ մեկը չընկալեց վիրավորանքը կամ «զահլա» չարեց պատասխանելու:
Հայրենակիցնե՛ր, սովորե՛ք լինել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել