Մինչև ե՞րբ կարելի է հավատալ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման» մասին հեքիաթին, մինչ ե՞րբ պիտի պաշտպանվողի դերում մնանք:
1988-ից այս կողմ մենք միշտ պաշտպանվել ենք, միշտ անտեսվել, արդյունքում «խաղաղ» պայմաններում զոհվել են մեր եղբայրները:

Ծանր տրամաչափի զենքի կիրառումն արդեն իսկ պատերազմի սկիզբն է, առավել ևս ռազմական գործողությունների ոչ մի նկրտում չունեցող ուղղաթիռի կործանումը:

Ադրբեջանը, օգտագործելով ծանր տրամաչափի զինամթերք, խաղաղ պայմաններում ոչնչացրեց Հայկական ռազմական ուղղաթիռը, այնուհետև ուղղաթիռի բեկորների ընկած տարածքը սկսեց կրակի տակ առնել՝ խոչընդոտելով զոհերի մարմինները չեզոք գոտուց դուրս բերելու գործընթացին:

Այս ամենը վերլուծելով՝ միջազգային հանրությունը պարտավոր էր անհապաղ պատժամիջոցներ գործածել Ադրբեջանի հանդեպ, բայց ինչպես միշտ, այնպես էլ հիմա, հնչեցին միայն ճռճռան հայտարարություններ:
Իսկ պարտավորությունների պահով նշեմ, որ Հայկական ուժերը պարտավոր էին անհապաղ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել և հողին հավասարեցնել երբևէ մարդկային արժեքները չհարգող, ինքնակոչ, ավազակաբարո պետությանը:
Բայց մերոնք հապաղեցին՝ ինչպես միշտ ապավինելով «միջազգային ջոջերի» քծնող հայտարարություններին:

Ահա այս անտարբերության պատճառով է, որ Ադրբեջանը համարձակվեց այդպիսի գերսանձարձակ հանցագործության դիմել:

Մեր պետության առաջնորդները եթե կարդացել են պատմություն, ապա պարտավոր են ևս մեկ անգամ վերընթերցել և հասկանալ, որ աշխարհը միշտ էլ թքած է ունեցել մեզ վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել