Հա՛յր մեր… 
- Այո՛…
- Մի՛ ընդհատիր, ես աղոթում եմ:
- Բայց չէ՞ որ դու Ինձ կանչեցիր: 
- Կանչեցի՞, Քե՞զ… 
Ես Քեզ չեմ կանչել, ես պարզապես աղոթում եմ: Հա՛յր մեր, որ երկնքում ես…
- Ահա՛, կրկին դու կանչեցիր Ինձ:
- Ի՞նչ արեցի: 
- Կանչեցիր Ինձ, ասացիր. «Հա՛յր մեր, որ երկնքում ես»: Ահա և Ես, ի՞նչ է պատահել: 
- Ես ոչինչ էլ չէի ուզում դրանով ասել, ես պարզապես իմ ամենօրյա աղոթքն եմ անում: Միշտ այսպես եմ աղոթում: Մի տեսակ զգում եմ, որ պարտավոր եմ անել այն: 
- Լա՛վ, շարունակի՛ր:
- Թո՛ղ Քո անունը սուրբ լինի…
- Մեկ րոպե… դու ի՞նչ ի նկատի ունես:
- Դե՜… դա նշանակում է… Որտեղի՞ց կարող եմ իմանալ՝ դա ինչ է նշանակում: Պարզապես աղոթքի մի մասն է: Իմիջիայլոց, ի՞նչ է դա նշանակում: 
- Դա նշանակում է արժանի, սուրբ, հրաշալի, փառավոր… - Այ հիմա պարզ է: Մինչ այդ երբևէ չէի մտածել՝ ինչ է նշանակում «սուրբ լինի»: Թո՛ղ Քո արքայությունը գա, թո՛ղ Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա:
- Դու իրականում ցանկանո՞ւմ ես դա: 
- Իհա՛րկե, իսկ ինչո՞ւ ոչ:
- Իսկ ի՞նչ ես պատրաստվում անել այդ դեպքում: 
- Անե՞լ… Երևի ոչինչ: Ուղղակի կարծում եմ շատ լավ կլինի, երբ Դու ամեն բան Քո վերահսկողության տակ պահես այստեղ, ինչպես որ երկնքում: 
- Իսկ Ես ունե՞մ իշխանություն քեզ վրա: 
- Դե՜… ես եկեղեցի եմ հաճախում: 
- Դա այն չէ, ինչ Ես հարցրի:
- Բավական չէ՞ ինձ մեղադրել: Ես ոչնչով վատը չեմ երեսպաշտներից, որ նույնպես եկեղեցի են գնում: 
- Ների՛ր, բայց կարծում եմ դու աղոթում էիր, որ Իմ կամքը լինի:
- Դե լավ: Կարծում եմ մի քանի բանի վրա կարելի է աշխատել:
- Հիանալի՜ է:
- Տե՛ր, ես պետք է ավարտեմ աղոթքս: Սովորաբար այն այսքան երկար չէր տևում: Հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր…
- Այո՛, իսկ դու անընդհատ անհանգստանում ես վաղվա օրվա համար:
- Մեկ րոպե. դա ի՞նչ է նշանակում: Ես այստեղ կանգնած՝ փորձում եմ իրականացնել իմ կրոնական պարտականությունները, իսկ Դու անվերջ ընդհատում ես ինձ և հիշեցնում զանցանքներիս մասին: 
- Գիտե՞ս, երբ աղոթում ես, մշտապես «վտանգ» կա, որ այն կավարտես լիովին փոխված: Դու կանչեցիր Ինձ, և ահա Ես այստեղ եմ: Շարունակի՛ր աղոթել:
- Ես վախենում եմ…
- Ինչի՞ց…
- Արդեն չգիտեմ՝ ի՞նչ կասես: 
- Փորձի՛ր և կտեսնես: 
- Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք ներում մեր պարտապաններին… 
- Եվ ինչպե՞ս են գործերդ ներման հետ կապված: 
- Դեե՛… Ես չեմ կարող նրան ներել, Դու Ինքդ գիտես այդ մասին: 
- Այդ դեպքում ո՞ւր մնաց աղոթքդ, ի՞նչ էիր աղոթում քիչ առաջ:
- Ես նկատի չունեի այն, ինչ աղոթում էի: 
- Ուրեմն այսուհետ իմացի՛ր… Եթե աղոթքիդ նպատակն Ինձ հետ զրուցելը չէ, այլ աղոթում ես, որովհետև հարկն է այդպիսին, ապա դա միայն կրոն է… և Ես այնտեղ չկամ… Ես ականջ եմ դնում սրտին, այլ ոչ երբեք՝ խոսքերին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել