Այսպես կոչված «մարդասիրական» քարոզչությունները ներշնչել և ներշնչում են մարդկության միամիտ մասին, որ հակամարտություններն ու կռիվն ընդհանրապես, բացասական, ժխտելի երևույթներ են, անհարիր քաղաքակրթության «բարձր իդեալների», որոնք են` արդարությունը, եղբայրությունն ու հավասարությունը: 

Բայց «բարձր իդեալների» բոլոր քարոզիչները, առանց մեկ հատիկ բացառության, այդ «մարդասիրական, արդար իդեալները» պարտադրում, մարդկության պարզամիտ մասին են պատվաստում իրենց հայհոյած, ժխտած «ցածր» միջոցներով` անարդարությամբ, խաբեությամբ:

Տարօրինակ չէ՞… 
Համարենք, որ մարդկությունը դեռ «անդաստիարակ» էր և անխոհեմորեն դիմադրություն ցույց տվեց իր «բարերարներին» և նրանք ստիպված եղան հանուն «մարդկության երջանիկ ապագայի», խախտել սեփական սկզբունքներն ու «հին` անարդար» միջոցներով սահմանել «արդար կարգեր»:
Բայց «մարդասիրական, փրկչական» կրոնների, «հավասարության» սոցիալ-քաղաքական քարոզչությունների կիրարկումն էլ` ոչ միայն չթուլացրեց հակամարտությունն ազգերի, պետությունների և մարդկանց միջև, ոչ միայն չվերացրեց բռնադատությունն ու անհավասարությունը, ուժեղի կողմից թույլի ոչնչացումը, այլ ընդհակառակը` ավելի սրեց այն, դարձրեց առավել անողոք, առավել դաժան, հասցրեց հիպերտրոֆիկ չափերի...
Եվ դա օրինաչափ է.
Ցանկացած բնական գործընթացի խեղում հանգեցնում է հիվանդագին արդյունքի, չափազանցության դեպքում` աղետի: 
Բնությունն անողոքորեն պատժում է հիմարներին:
Իսկ հիմարացնողների՞ն…
Հիմարացնողներին` ոչ, քանզի դրանք հաղթող են.
«Հաղթողներին չեն պատժում»… 
Իսկ մենք` պարտվածներս, հիմարացվածներս, եթե ուզում ենք ապրել, այլ ոչ թե գոյություն քարշ տալ մինչև անփառունակ վախճան, պիտի ուժ գտնենք թոթափելու դարերի կեղծիքը, վերադառնալու բնական օրինաչափություններին համապատասխան վարքի, այսինքն` մեր էության պաշտպանության:
Առաջին հերթին դա մեր նախնիների ճշմարիտ աշխարհընկալման վերականգնումն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է ազգային աշխարհընկալումը:
Ազգն ամբողջական, միասնական օրգանիզմ է, ներքուստ փոխկապակցված գենետիկական, հոգեբանական, լեզվա-մշակութային, աշխարհընկալողական ու բնատարածքային ընդհանրություններով:
Սակայն, շատ մեղմ ասած, այս հասկացությունը հաճախ մեխանիկական սերտվածք է, քան պարզորոշ գիտակցված` մարսված իմացություն:
Այնինչ դա պիտի լինի մեր կենսագործունեության այբուբենը, որն ազգային օրգանիզմը կդարձներ առողջ, կենսունակ, անխոցելի և անպարտելի:
Գոյության կենաց ու մահու պայքարում հակառակորդն աշխատում է խոցել ամենակենսական օրգանները: Ազգային օրգանիզմի դեպքում` աշխատում է տարբերակումներ մտցնել բնորոշիչ հատկանիշների մեջ, ներքին հակամարտություն առաջացնել, կտրտել բաղադրիչները շաղկապող կապերը:
Խառնածնության միջոցով թուլացնում են գենետիկան, կեղծ քարոզչությունների, կրոնների միջոցով խախտում հոգեբանությունն ու աշխարհընկալումը, ուծացման միջոցով` լեզուն ու մշակույթը, աշխարհաքաղաքացիության քարոզի, ֆիզիկական ու քաղաքական հալածանքների միջոցով` բնատարածքային ընդհանրությունը…
Այս կերպ թուլացված ժողովուրդը կամ մահանում է աստիճանաբար, կամ մի վերջին ֆիզիկական հարվածով ոչնչանում է` արևի տակ զբաղեցրած իր տեղը զիջելով հակառակորդին:
Այն ազգերը, որ չեն ըմբռնում գոյապայքարի այս իրական այբուբենը, դատապարտված են անհայտանալու պատմության ասպարեզից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել