Համայն աշխարհի հայությանը,
բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց`
միացիր և միացրու
X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին մինչ օրս զարմացնում ու հիացնում է իր թեև վիրավոր, բայց անկրկնելի տեսքով՝ պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:
Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց չքնաղ ոստանի հայկականությանը, քանի որ Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ համարյա ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ և այլն: Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, և պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ:
Հաշվի առնելով այս ամենը, կոչ ենք անում Հայոց Մեծ եղեռնի 100 ամյակին ընդառաջ ազգովի հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով և միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ, որ Անիի Բագրատունի թագավորները չներկայացվեն որպես Բագրատողլի փաշաներ, որ մատուցվի ճշմարիտ և իրական պատմությունը :
Ժամանակն է ցույց տալ աշխարհին, որ հայ նոր և ապագա սերունդների մեջ դույզն ինչ չի մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալ, որ Եղեռնի հետևանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգևոր-մշակութային ժառանգությանը:
ԱՆԻՆ ՀԱՅԻՆՆ Է ԵՎ ՄԻՇՏ ՀԱՅԿԱԿԱՆ
«Միացիր և միացրու», - այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը:
Մենք դիմում ենք Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) գործուն միջոցներ ձեռնարկել կանխելու համաշխարհային մշակութային ժառանգության՝ հայկական հուշարձանների ավերումը և կերպափոխումը:
Մենք կոչ ենք անում Համաշխարհային հայկական կոնգրեսի կառույցներին, աշխարհասփյուռ հայությանը միանալ մեր դիմումին և ստորագրությամբ պահանջատեր դառնալ Հայոց մայրաքաղաքին և նրա հոգևոր մշակութային արժեքներին :
Համաշխարհային հայկական կոնգրես և Ռուսաստանի հայերի միություն
«Հայ ասպետ» Կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ
Հ.Գ. Միջնորդագիրը ստորագրություններով ՀՀԿ և ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրամյանի կողմից հանձնվելու է ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը:
Ստորագրահավաքին միանալու համար տես էջի ներքևում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել