Արդեն գրել եմ, որ Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի խնդրի լուծման համար Սևանա լճից պարբերաբար հավելյալ ջրաքանակ է բաց թողնվում: Իսկ լճի մակարդակի հաճախակի տատանումները կարող են հանգեցնել Սևանի ճահճացմանը և էկոհամակարգի խախտմանը:
Մեկ ուրիշ խնդիր էլ է առկա Սևանա լճի ավազանում:
Լճի շրջակայքի անտառների ոչնչացման հետևանքով, 90-ականների սկզբի համեմատ, մարդկային գործոնի անմիջական ազդեցությամբ անտառների ծավալը 20000 հեկտարից նվազել է շուրջ 5000-ով: Խորհրդային տարիներին իրականացվում էին լայնածավալ անտառատնկումներ, իսկ բնական անտառները պահպանության տակ էին: Վերջին երկու տասնամյակներին և՛ բնական, և՛ արհեստական անտառտարածքները զգալիորեն կրճատվել են: Սևանի ավազանի ներկա բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները խիստ կերպով քայքայվել են կլիմայի փոփոխության և մարդու շարունակական ազդեցության պատճառով: Անտառազրկումը 1992-1996 թվականներին կազմել է 7200 հա, որից 2300 հա-ն` համատարած: Արհեստական անտառների անմխիթար վիճակը բացատրվում է անտառազրկմամբ, աղտոտմամբ, գերարածեցմամբ, ոչ կարգավորված ռեկրեացիայով և կենսաբանական բազմազանության նվազմամբ: Բնական անտառածածկի նախկին և ժամանակակից մակերեսների համեմատությունը թույլ է տալիս եզրակացնել, որ բնական անտառածածկը 30-70 %-ով կրճատվել է: 
Այս ամենն այն բանի պատճառով է, որ Սևանում ամեն ծառ ու թուփ ունի «տնօրեն», ով «նայիչի» տեսքով հայտնվում է մարդկանց առաջ ու հանգստանալու և ժամանակ անցկացնելու համար պահանջում այնքան գումար, որքան այդ պահին ցանկանում է նրա «բարի օրգանը»` սիրտը: Դա նրանից է, որ զավթված է Սևանա լճի ավազանի ամեն մի թիզ հողը, դա նրանից է, որ Սևանը դադարել է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ: Այն հիմա դիտարկվում է որպես լավ եկամտի աղբյուր: Իսկ Հայաստանի գեղեցկուհու էկոհամակարգի վերականգնման, պահպանման և վերարտադրման համար ոչ ոք չի մտածում: Կարևորը եկամուտն է, գրպանի տռզածության չափը: Ու գրեթե ամեն օր այստեղից ու այնտեղից, մեծ ու փոքր չինովնիկներից լսում ենք՝ «անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել ուղղված Սևանա լճի….»: Իսկ ո՞վ է խանգարում, ձեռնարկե՛ք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել