Ամերիկացի հոգեբան Ալբերտ Էլիսը նշում է 12 ընկալումների մասին, որ լայնորեն տարածված են Արևմտյան մշակույթում և հաճախ շատ անհեթեթ և շփոթեցնող են: Նա դրանց տվել է «գիտակցության արգելափակող կարգավորումներ» անվանումը: Որոշում կայացնելուց առաջ մենք հենց այդ պատկերացումներն ենք մեր գլխում պտտեցնում: Հետևություն. մտածեք, թե ինչի հետևանք է ձեր որոշումը:
1. Բոլորը պետք է ինձ սիրեն և հավանություն տան այն ամենին, ինչ անում եմ։
Ակնկալել դա, նշանակում է քեզ մղել անհասկանալի անհանգստության, հուսահատության, մանավանդ, եթե մենք նկատում ենք, որ մեզ ինչ-որ մեկը չի սիրում կամ չի հավանում մեր արարքները: Նման պատկերացումն անհեթեթ է, քանի որ մենք և մեր արարքները չեն կարող բոլորի համար հաճելի լինել: Այն ինչը մեկին դուր է գալիս, հնարավոր է մեկ ուրիշին նյարդայնացնի: Որպեսզի բոլորին դուր գալ, պետք է բավարարել ուրիշի ցանկություններրը, համապատասխանեցնել ձեզ ուրիշի ընկալումներին: Ավելի լավ է շփվել այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններ ունեք, շփումն այդ դեպքում հետաքրքիր կլինի:
2. Մարդը պետք է իդեալական լինի և յուրաքանչյուր ոլորտում հասնի հաջողության, լինի անթերի բոլոր հարաբերություններում։
Անթերի և կատարյալ լինել ամեն ինչում հնարավոր չէ: Նա, ով իր առջև նման նպատակ է դնում, դատապարտված է հոգեկան տվայտանքների և անհանգիստ մտքերի՝ կապված անցյալ և գալիք անհաջողությունների հետ: Նման անտրամաբանական պատկերացումներով մարդիկ կարող են հասնել հաջողությունների, բայց նպատակին հասնելուց հետո և ընթացքում սովորաբար վանում են շրջապատին: Շատերն էլ, ովքեր իրենց առջև բարձր պահանջներ են դրել, այդպես էլ չեն կարողանում հասնել իրենց ուզածին: Չէ՞ որ երբեք այդ գերկատարյալին հասնել հնարվոր չէ: Իհարկե կատարյալին պետք է ձգտել՝ հանուն առաջընթացի, ինքնազարգացման, բայց կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուրը կյանքում բախվում է անհաջողության, հնարավոր չէ ինքդ քեզ հեռու պահել վրիպումներից. մենք կախում ունենք տարբեր սահմանափակումներից: Կարևոր է լավ անել այն, ինչը անում ենք, և սխալներից դասեր քաղել:
3. Որոշ գործողություններ սխալ են, և նրանք, ովքեր անում են դա, պետք է պատժվեն:
Շատ քայլեր, որ ուրիշներն են անում, ինքներս չէինք անի, և հակառակը՝ այն, ինչ մենք կուզեինք՝ նրանք անեն, չեն անում: Սակայն դա պատճառ չի կարող դառնալ, որ մենք նրանց վատ մարդ համարենք: Ուղղակի դատապարտելը ուրիշներին ոչինչ չի տա ոչ մեզ, ոչ նրանց: Որպեսզի հասկանանք իրավիճակը, պետք է հարցը դիտարկենք նրանց տեսանկյունից: Եթե մարդն ինչ-որ սխալ բան է արել՝ ձեր դիտարկմամբ, նա, հնարավոր է, դա արել է առանց գիտակցելու, էմոցիաների ազդեցության տակ: Այդ իսկ պատճառով, պետք է համբերատար լինենք, և փորձենք օգնել նրան փոխել իր վարքը ցանկալի ուղղությամբ: Դրանից բոլորը կշահեն, այդպես պետք է վերաբերվել նաև ինքդ քեզ: Եթե ինչ-որ մեկին դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք, գուցե պետք չէ անհանգստանալ, ուղղակի պետք է ընդունել, որ շրջապատի տեսանկյունից ձեր արածը սխալ է: Արժե՞ դրա ամար ձեզ մեղադրեք: Պետք է ընդամենը դիտարկել խնդիրը տարբեր կողմերից, գուցե քննարկման արդյունքում ինչ-որ բան փոխվի ձեր կամ զրուցակցի համար, գուցե ոչ, բայց միևնույնն է՝ մեղադրելը լուծում չէ:
4. Ահավոր է, երբ ինչ-որ բան չի ստացվում այնպես, ինչպես մենք ենք ուզում
Անհեթեթ է նման ինֆանտիլ պատկերացումը, սակայն հաճախ մենք այդպես ենք վարվում՝ ելնելով այն պատկերացումից, որ աշխարհը և այն ամենը ինչ տեղի է ունենում, պետք է լինի այնպես, որ մեզ դուր գա: Սակայն չի կարող այնպես լինել, որ ամեն ինչ յուրաքանչյուրի հաճույքին համապատասխան դասավորվի: Այդ իսկ պատճառով պետք է հարմարվել, որ աշխարհի այն հատվածը, որտեղ մենք ապրում ենք, երբեք 100 տոկոսով չի համապատասխանի մեր ցանկություններին: Երբեմն մենք բախվում ենք բաների, որ մեզ դուր չեն գալիս, արժե՞ դա որպես անձնական վիրավորանք ընդունել: Պետք է ինքներս մեզ ասենք՝ այո, դա վատ է, կամ ինձ դա դուր չի գալիս, այնուհետև պետք է փորձենք կառուցողականորեն փոխել կամ բարելավել իրավիճակը: Մենք հաճախ ենք կրկնում երեխաներին, որ հնարավոր չէ ունենալ ամեն ինչ, ինչ մեր մտքով կանցնի, սակայն հետագայում, լինելով մեծահասակ, նույն սխալն ենք կրկնում՝ ավելի քողարկված ու աննկատ ձևաչափի մեջ: Դա հանգեցնում է միայն հուսահտության և անհանգստության:
5. Մարդը հուսահատվում է արտաքին իրադարձությունների և հանգամանքների պատճառով, որոնց վրա չի կարող ազդել:
Հաճախ մարդիկ տխրում են կյանքում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների պատճառով, և դա կապված է այդ իրադարձությունների նրանց ընկալման և մեկնաբանման հետ: Արտաքին երևույթների վրա մենք կարող ենք ազդել միայն աննշան, բայց տիրապետել վերլուծությանը, թե ինչպես պետք է դրան արձագանքել, հնարավոր է: Օրինակ, կորցնելով դրամապանակը, դրա պատճառով կարող եք խիստ տխրել, անհանգստանալ, սակայն կորուստն անփոխարինելի չէ և չի սպառնում մեր կյանքին: Խիստ անհանգստանալով կատարվածի վերաբերյալ՝ դուք չափազանցնում եք դրա հետևանքը և բարդացնում իրավիճակը: Դրանով դուք վնասում եք ձեզ, եթե հարցին մոտենաք գիտակցորեն, ապա իրավիճակը ձեզ մոտ պետք է սթրես չառաջացնի: Այդպիսի հանգամանքեր եղել են, կան և կլինեն յուրաքանչյուրի կյանքում:
6. Հնարավոր անհաջողությունը պարտավորեցնում է մեզ անհանգստանալ, և մինչ վտանգը չի անցնում, մենք անընդհատ սպասում ենք դրան:
Այդպես մտածելը անհեթեթ է, դրանով մենք չենք կարող կանխել ինչ-որ բան,հակառակը՝ կարող ենք նպաստել անհաջողության կատարվելուն: Անհանգստությունը կարող է այնքան հյուծել մեզ, որ երբ այն կատարվի մեզ հետ, մենք այլևս ուժ չենք ունենա իրավիճակը շտկելու: Մեկ այլ տեսանկյունից անհաջողությունների մեծամասնությունը, որոնք մենք պատկերացնում ենք, որ մեզ հետ պետք է լինի, այդպես էլ չեն լինում, կամ եթե անգամ դա լինում է, ապա ոչ այնքան սարսափելի, որքան մենք էինք երևակայում (վախի աչքերը մեծ են):
7. Դժվարություններից և պատասխանատվությունից խուսափելն ավելի հեշտ է, քան վերցնել դրանք մեզ վրա և փորձել հաղթահարել:
Երբ մարդը փորձում է խուսափել պատասխանատվությունից և դժվարություններից ապագայում նա ավելի մեծ խնդիր է ստեղծում իր համար: Ամենալավ տարբերակը չթաքնվել, և գտնել տարբերակներ դրանց լուծման համար և անել դա հնարավորինս լավ: Խնդիրների հետաձգումը միայն կարող է սրել անհանգստությունը, դեպրեսիան և խղճի խայթը: Եվ հակառակը՝ խնդրի լուծումը ամրապնդում է մեր ինքնավստահությունը, հարգանքը ինքներս մեր նկատմամբ, տալիս ուրախության զգացում: Երջանիկ կյանքըխնդիրների բացակայությունը չէ, այլ դրանց հաջող լուծումը:
8. Կյանքում միշտ պետք է մեկը, ով ավելի ուժեղ և հզոր է, որպեսզի նրա վրա հենվենք:
Ոչ մեկ չի կարող բացարձակ անկախ լինել,և սարսափելի չէ, եթե մենք կախում ունենք ուրիշներից այնքան, որքան նրանք մեզնից: Դա բոլոր մարդկանց է բնորոշ, քանի որ մենք մեկս մյուսի կարիքը ունենք: Բայց ամբողջ կյանքդ չի կարող կախված լինել մեկ մարդուց: Երբեմն մեզ կարող է թվալ, որ կյանքը անիմաստ է առանց այդ մարդու, բայց դա այդպես չէ: Կյանքն իր հունով գնում է անկախ նրանից այդ մարդը ձեր կողքին է, թե ոչ: Պետք է զարգացնել մեր մեջ ինքնուրույնությունը, անհատականությունը, նպատակասլցությունը և ինքնաարտահայտվելու հնարավորությունը: Այդ դեպքում մտերիմ մարդկանց անհաջողությունները և կորուստները չեն դառնա աղետալի մեզ համար: Չափից դուրս կախումը այլ մարդուց կարող է իջեցնել մեր ինքնագնահատականը, զրկել ինքնազարգացման հնարավորությունից: Դա պայմանավորվում է նրանով, թե ինչ են արել ուրիշները մեզ համար և ինչ ենք արել մենք նրանց համար: Նման մոտեցումը սխալ է: Ոչինչ մեզ չի պարտավորեցնում, և ուրիշներին նույնպես, երբ ինչ-որ մեկին օգնում ենք՝ պետք է դա անենք մեր հաճույքի համար՝առանց ետին մտքի:
9. Այն, ինչ մեզ վրա ազդել է անցյալում, պայմանավորում է մեր ներկա քայլերը, և անցյալի ազդեցությունը հնարավոր չէ հաղթահարել:
Դա բացարձակ սխալ է: Այնուամենայնիվ, հնարավոր է փոխել այն, ինչ ձևավորվել է մանկության տարիներին: Բանն այն է, որ յուրաքանչյուրի նպատակը կյանքում անձնային աճն է և զարգացումը: Մենք միշտ փոխվում ենք: Մենք այնպիսիսն չենք, ինչպես 10 տարի առաջ, և կյանքի պայմանները ևս փոխվում են: Պետք է անցյալի փորձից դասեր քաղել, և կախված չլինել դրանից: Այն, ինչ անհրաժեշտ էր և նպատակահարմար անցյալում, կարող է անպիտան լինել և չգործել այսօր: Ողջամիտ մարդն ինքնակատարելագործվում է ամբողջ կյանքի ընթացքում:
10. Մեզ համար հույժ կարևոր է այն, ինչ անում են ուրիշները: Մենք ուզում ենք մեծ ճիգ գործադրել, որպեսզի նրանք փոխվեն ճիշտ ուղղությամբ:
Ուրիշի կյանքն ու արարքները դա նրանց անձնական գործն է, և ընդհանուր առմամաբ ձեզ պետք է չվերաբերվի: Մենք չենք կարող ազդել նրանց վրա և զգալիորեն փոխել նրանց: Նրանց վրա ազդելու փորձերը միայն դիմադրություն են առաջացնում և ավելի վատացնում իրավիճակը: Մենք պետք է սովորենք համբերությամբ ապրել և թողնել, որ ուրիշներն ապրեն: Իրականում մեզ տխրեցնում են մեր սեփական մեկնաբանությունները և ընկալումները՝ կապված ուրիշների արարքների հետ: Սովորաբար անձը, ում արարքները դուք գնահատում եք, ձեր մտածածից և ոչ մի բան իրականում նկատի չունի, այսինքն դա ձեր երևակայությունն է: Եթե ինչ-որ մեկն օգնություն է խնդրում, պետք է այն տրամադրել, բայց դուք իրավունք չունեք ձեր օգնությունը փաթաթել նրա վզին, ով դրա կարիքը չունի: Եթե ինչ-որ մեկի վարքը ազդում, արտացոլվում է մեզ վրա, պետք է խոսել և ողջամիտ լուծում գտնել: Սակայն շատ դեպքերում պետք է սովորեն իրավիճակն ընդունել այնպես, ինչպես այն կա: Պետք է հասկանալ՝ մարդիկ ունեն թերություններ, որոնց հետ պետք է հաշտվել:
11. Ամեն խնդիր մեկ ճիշտ լուծում ունի: Ինչ ահավոր է, եթե այն չկարողանանք գտնել:
Այդպես մտածել ողջամիտ չէ, քանի որ խնդիրները զանազան լուծումներ ունեն և հազվդաեպ է պատահում,որ դրանք մի ճշգրիտ լուծում ունենան: Հնարավոր լուծումներից յուրաքանչյուրը իր առավելություններն ու թերությունները ունի: Մենք պետք է ընտրենք դրանցից մեկը և փորձենք այն կիրառել: Եթե ընտրված տարբերակը չի օգնում, պետք է փորձել նորը: Ձգտումը՝ գտնելու միակ ճիշտ որոշումը հանգեցնում է անհանգստության, և հաճախ ստրատեգիկ տեսանկյունից գուցե սխալվենք՝ ընտրելով ոչ նպատակահարմար տարբերակը:
12. Կառավարել մեր էմոցիաներն անհնար է. մենք դրանց զոհն ենք:
Իրականում մեր էմոցիաները ղեկավարելու միջոցները շատ են, եթե աշխատենք այդ ուղղությամբ կարող ենք հասնել նրան, որ վերահսկենք մեր էմոցիաները և դուրս գանք չենթակվող զգացմունքների ազդեցության դաշտից: