Երբ ֆեյսբուքում «և»-ի փոխարեն գրում են «եվ», մտածում ես, որ չեն նկատել։ Երբ այդ նույն սխալը սկսում ես հանդիպել ավելի հաճախ, մտածում եմ, որ չնկատողները շատացել են, կամ մարդիկ պարզապես դադարել են նման «մանր» բաներին ուշադրություն դարձնել։ Կարծում եմ, որ այստեղ երկրորդ տարբերակն ավելի մոտ է իրականությանը։

Երբ ֆեյսբուքում հանդիպում ես «25 ամենագեղեցիկ քաղաքներ», կամ «10 ամենասիրված գրքեր» արտահայտությունները, ակամա մտածում ես, որ ամեն ինչի «ամենա»-ն մի հատ է լինում, չէ՞ որ «ամենա»  ասելով նկատի է առնվում անգերազանցելին։ Նույնն է, որ ասես «աշխարհի ամենաբարձր լեռները», և մտքովդ էլ չանցնի, որ ամենաբարձր լեռն աշխարհում մեկն է, մյուսներն արդեն ամենաբարձր լեռները չեն։

Երբ ֆեյսբուքում հանդիպում ես գրառումներ, որոնցում շարադրվող մտքերը հակասում են իրենք իրենց կամ իրականությանը, բայց հեղինակը դա չի տեսնում, իսկ երբ ցույց ես տալիս, հպարտորեն ասում է՝ «դե, ես էլ այդպես եմ մտածում», հասկանում ես, որ մեր խնդիրների արմատները սեփական մշակույթի նկատմամբ պատասխանատվության ոլորտում են, գիտելիքի սակավության (չիմացության) և դրանից բխող անվստահության մեջ են, սեփական սխալ կարծիքը ճշմարիտ մտքից բարձր դասելու ջահելական բարդույթի մեջ են․․․ Հասարակության զարգացումը նման երևույթների հաղթահարումից է սկսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել