Ի սկզբանե ուշադիր հետևելով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի գործընթացին՝ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից մինչև Աստանա, Աստանայից՝ Մինսկ, ոչ մի պաշտոնական հայտարարությունում չի հնչել մաքսակետ տեղադրելու մասին ոչ պահանջ, ոչ էլ խնդրանք: Միայն այն, որ պայմանագրում նշված է, թե ԵՏՄ սահմանները պետք է մաքսային վերահսկողության ենթարկվեն, ու նաև Նազարբաևի՝ Աստանայի նամակ-ելույթը, հիմք է ծառայել, որ մեր լրագրողական գրեթե ողջ շրջանակը ինչքան ռուս կամ Ռուսաստանից եկած մարդ տեսնեն, անպայման հարցնեն՝ «Մաքսակետ դրվելու՞ է»: Ու ինչքան էլ «Ոչ» պատասխանը ստանան, էլի չհավատան: Անգամ այն, որ ՌԴ Մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հատուկ շեշտեց, որ Ռուսաստանը չի խառնվելու ՀՀ-ԼՂ սահմանային գործերին, հայաստանյան ղեկավարությունն արդեն մեկ տարի ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ չի դրվելու, մեկ է՝ պետք է ում տեսնեն՝ հարցնեն: Ամենահետաքրքիրն այն է, որ եթե ինչ-որ մի բանախոս, որն առհասարակ կապ չունի ոչ բանակցային գործընթացի, ոչ էլ որոշումների կայացման հետ, հանկարծ հայտարարի, որ «այո, մաքսակետ դրվելու է, ու դա վտանգելու է Արցախը, Հայաստանը, բլա, բլա», էտ լուրը կայծակնային արագությամբ կտարածվի մամուլով, ու դրա վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար տասնյակ զանգեր կլինեն փորձագետներին ու ԱԳՆ:

Զարմանալի է՝ որտեղից այսքան աղմուկ (երբեմն՝ ջղաձգում) մի բանի մասին, որը չկա ու չի լինելու: Իսկ եթե նույնիսկ լինի մաքսակետ, դա իր բովանդակությամբ «բուտկայից» ոչնչով չի տարբերվելու, որովհետև անխտիր բոլորի համար էլ պարզ է, որ դա պետք է արվի ԵՏՄ-ում ընդունված կանոնակարգը ձևական պահպանելու համար և ոչ ավելին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել