Այս օրերին Արդարադատության նախարարությունում ինֆորմացիոն գամբիտ է. բայց մեկ է, պետությունը շատ անելիքներ ունի այս ոլորտում:

Կայքերը հեղեղված են նախարարության իրականացրած աշխատանքների և ծրագրերի մասին նյութերով: Նախարարը գնաց, հանդիպեց, խոսեց, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից մարդիկ եկան, օրենքների ընդունման գնահատում արեցին, փորձագետներ եկան-գնացին և այլն, և այլն: Ինֆորմացիոն միջավայրում հայտնի «կախարդական գնդակի» էֆեկտով «գնդակահարեցին» ինֆո դաշտը վերջին մի քանի օրերի ընթացքում: Տեսնես՝ ինչու՞ այս կառույցը նման ինտենսիվությամբ երբեմն-երբեմն կտրում-անցնում է լրատվական դաշտի ողջ հորիզոնով: Հատկանշական է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին արդարադատությունից են խնդրել գնահատել ՀՀ օրենքների որակը՝ լավ հասկանալով, որ պատկերն այնքան էլ հուսադրող չի լինելու: Գուցե, այնտեղ որոշել են երկրում առկա տարատեսակ ճգնաժամերի հաղթահարման առաջամարտիկի դերը ստանձնել և օրենսդրական փոփոխություններով և համակարգի արդարության նկատմամբ վստահության ձևավորման միջոցով որոշակիորեն «լուծել» սոցիալ-տնտեսական բարդությունները: Ինչևէ, նախարարության այս ակտիվությունը մի տեսակ հետաքրքիր է և զարմանալի, որովհետև պետական կառավարման մարմինները սովորաբար չեն փայլում, էլ չենք ասում՝ հավես չեն անում տեղեկատվական դաշտ մտնել, ու, այս իմաստով, մտածում ես, կարող է՞ արդարադատությունում ինչ-որ բան են մտածել կամ, կարող է՞, որոշել են արդարադատության ինչ-որ չափաբաժին, այնուամենայնիվ, վերադարձնել ժողովրդին: Սա այն կետն է, որ և ուզում ես հավատալ, և մի քիչ դժվարանում ես այդ գործն անել... Իհարկե, հաճելի է, երբ պետական մարմինը փորձում է հասարակությանը ներկայացնել իր աշխատանքները, դրանով այն ավելի է մոտենում քաղաքացուն, ուղղակի մեզ մոտ այնքան է ամեն ինչ խառնվել, որ ամեն ինչ, նախ, անցկացնում ենք կասկածի պրիզմայով, մենք ճանաչողության սկիզբը կառուցում ենք կասկածի հատկանիշներով: Դրա համար, պետությունը շատ անելիքներ ունի այս ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել